Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։
Ըստ «Ոսկե ծիրան»-ի գրասենյակի՝ Թերի Ջորջը երկու անգամ «Լավագույն սցենար» անվանակարգում առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխությանը։ 2012-ին «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում արժանացել է «Օսկար» մրցանակի։ Նրա հայտնի ֆիլմերից են՝ «Հյուրանոց Ռուանդա», «Բռնցքամարտիկը», «Հոր անունից», «Անհանգստություն»։
Թերի Ջորջի ֆիլմերում հանդես են եկել համաշխարհային կինոյի աստղեր Հելեն Միրենը, Դենիել Դեյ-Լյուիսը, Բրուս Ուիլիսը, Քոլին Ֆարելը, Խոակին Ֆենիքսը եւ այլք։
Ջորջը 2016-ին նկարահանել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը, որտեղ հանդես են եկել Օսկար Այզեկը, Շառլոտ լը Բոնը, Ջեյմս Քրոմվելը, Քրիստիան Բեյլը, Անժելա Սարաֆյանը եւ այլ դերասաններ։
Երեւանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ Այս տարի եւս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաեւ ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։