Հունիսի 7-ին տեղի ունեցավ «ՄԻԵԴ վճիռների կատարումը՝ որպես արդար դատաքննության իրավունքի երաշխիք» աշխատաժողովը։ Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, «Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամի» տնօրեն Գենյա Պետրոսյանը, միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը եւ այլք։
2001-ի հունվարի 25-ին Հայաստանը Եվրոպայի խորհրդին անդամակցելիս ստորագրեց Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիան եւ դրա արձանագրությունները։ Այս փաստթուղթը վավերացվեց եւ ուժի մեջ մտավ 2002 թվականի ապրիլի 26-ին։
2002-ին ընդդեմ Հայաստանի առաջին յոթ գանգատն ուղարկվեց Եվրադատարան։ Հայաստանի դեմ առաջին վճիռները կայացվեցին 2007-ին։ Տարիների ընթացքում գանգատների թիվն աճեց։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության տվյալներով՝ ամենամեծ թվով գանգատներն ուղարկվել են 2007-ին (614) եւ 2016-ին (753)։ 2007-2020 թվականների ընթացքում Հայաստանի դեմ ընդունվել է 137 վճիռ։ Ամենաշատ վճիռներն ընդունվել են 2012-ին` 16, 2016-ին՝ 15, 2019-ին՝ 20, 2020-ին՝ 14։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշեց՝ Եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքում լինում են խնդիրներ, որոնք առաջին հայացքից կարող են թվալ շատ պարզ, բայց իրականում բարդ են:
«Կան խախտումներ, որոնք կրկնվում են․ ակնհայտ է՝ կա իրավական կարգավորումների կարիք։ Կատարելության հասնելու համար դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու։ Պետք է պարզել, թե ինչու են կրկնվում խախտումները, որոնք են պատճառները, որ կրկին ստանում ենք ՄԻԵԴ վճիռներ, որոնցում արձանագրվում են արդար դատաքննության, անձի ազատության իրավունքի եւ այլ խախտումներ: Երբ պետությունը դրանք ուշադրությամբ ռեֆլեքսիայի ենթարկի, այդ ամենը կարող է լավ ուղենիշ լինել ոլորտային բարեփոխումներ իրականացնելու համար»,- ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։
Ըստ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի՝ դատարանի վճիռների պատշաճ կատարումն անձի արդար դատաքննության իրավունքի երաշխիքներից մեկն է։ Արդար վճռի կատարումն օրենսդրության բարելավման ճանապարհ է բացում, եւ ՄԻՊ գրասենյակն ամեն կերպ աջակցում է այդ գործընթացին՝ իր կանխարգելիչ գործառույթների շրջանակում կարծիքներ ներկայացնելով իրավական բոլոր ակտերի վերաբերյալ։
«Երբ պետությունը սկսում է իրականացնել կոնկրետ վճռի կայացման գործընթաց, փոխել օրենսդրությունը եւ այլն, նման դեպքերում մեզ համար ուշադրության կենտրոնում են վճռի բովանդակությունից բխող առաջարկությունը եւ այն առաջարկությունները, որոնք մեզ թույլ կտան պնդել, որ այդ առաջարկություններն իրացնելու դեպքում կարող են պատշաճ վճիռներ կայացվել»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը։
Ըստ նրա՝ օրենսդրական փոփոխությունների մակարդակում գործընթացները շատ սահուն են ընթանում, իսկ պրակտիկայի փոփոխության հարցում խնդիրներ կան։
«Այստեղ կարեւոր են թե՛ ենթաօրենսդրական ակտերը, թե՛ մասնագետների պատշաճ մասնագիտական կրթության ապահովումը։ Հավատացե՛ք, երբեմն լինում է օրենքների տեսանելի փոփոխություն, բայց դրանից անդին խնդիրներ կան, օրինակ՝ ինչպե՞ս ենք գնահատում մասնագետներին կամ նրանց վերապատրաստման արդյունավետությունը։ Այդտեղ շատ անելիքներ ունենք»,- նշեց Քրիստինե Գրիգորյանը։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը սերտորեն աշխատում է նաեւ այն ՀԿ-ների հետ, որոնք աշխատում են այս ոլորտում։ Նման ակտիվ համագործակցությունները կարող են հարստացնել պետության հնարավորությունները ռեֆորմներն իրականացնելիս։
Աշխատաժողովի ընթացքում «Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամ»-ի տնօրեն Գենյա Պետրոսյանը ներկայացրեց դատական ակտերի հարկադիր կատարմանն առնչվող խնդիրները։
«Դատական ակտի կատարման մասով Հայաստանի դեմ մի շարք վճիռներ են կայացվել, որոնցով արձանագրվել է 6-րդ հոդվածի առաջին մասի խախտում, ինչպես նաեւ Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության առաջին հոդվածի խախտում: Հիմքում եղել է դիմումատուի օգտին դատական ակտը չկատարելը կամ ձգձգումներով կատարելու հանգամանքը»,- նշեց Պետրոսյանը:
Թեեւ ՀՀ Սահմանադրությամբ, դատական ու դատավարական բոլոր օրենսգրքերով ամրագրված է յուրաքանչյուր անձի՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, այսուամենայնիվ, դատական պրակտիկայի ուսումնասիրությունը փաստում է, որ ՀՀ-ում գործերի քննության ողջամիտ ժամկետը հաճախ խախտվում է։ Այս մասին 2020-ին ՄԻՊ-ն ընդարձակ զեկույց էր ներկայացրել։
Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի տարեկան հաղորդման համաձայն՝ միայն Երեւան քաղաքում եղել է 155 քրեական եւ 1628 քաղաքացիական գործ, որոնց քննությունը երկու եւ ավելի տարի ձգձգվել է (կան գործեր, որոնց քննությունը չի ավարտվում 10 եւ ավելի տարիներ): Միայն 7 դատավորի մոտ նման գործերի ընդհանուր թիվը հասնում է 1123-ի:
ՄԻԵԴ-ի՝ ընդդեմ Հայաստանի կայացրած վճիռները, բնականաբար, ֆինանասական բեռ են մեր պետական գանձարանի համար․ ո՞ր դեպքում որքա՞ն փոխհատուցում պետք է վճարի պետությունը։ ՄԻԵԴ-ի՝ ընդդեմ Հայաստանի կայացված վճիռներով ՀՀ պետբյուջեից 2017 թվականին փոխանցվել է 169 031 եվրո, 2018-ին՝ 196 940 եվրո, 2019-ին՝ 2121858 եվրո, 2020-ին՝ 403300 եվրո։
Անդրադառնալով «Ալիք Մեդիա»-ի թղթակցի այս դիտարկմանը՝ «Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամի» տնօրեն Գենյա Պետրոսյանը նշեց՝ ՄԻԵԴ-ի սահմանած փոխհատուցման չափը կախված է տվյալ գործից եւ այն հանգամանքից, թե կոնվենցիայի ինչ կետեր են խախտվել։ Նա համաձայն չէ շրջանառվող այն կարծիքներին, թե նման դեպքերում հարկավոր է ոչ պատշաճ դատական վճիռ կայացրած դատավորներին պարտավորեցնել վճարել փոխհատուցումը։ Ըստ Գենյա Պետրոսյանի՝ դա չի կարող արդյունավետ մեթոդ լինել արդար դատական վճիռների կայացման գործում։
ՄԻԵԴ-ը հետեւողական է լինում, որպեսզի փոխհատուցումը սահմանված ժամկետում տրամադրվի դիմումատուին։ Այս համատեքստում պետք է նշել, որ կարող են լինել դեպքեր, երբ դիմումատուներն ավելի մեծ չափով փոխհատուցում (փոխհատուցման մեջ ներառված են նաեւ փաստաբանական ծախսերը) են պահանջում, բայց ՀՀ Կառավարության առաջարկով փոխհատուցման չափը նվազեցվում է։
Օրինակ՝ 2019 թվականին Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտվել էր «Գրիգորյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործով: Դիմումատուները որպես փոխհատուցում կառավարությունից պահանջել էին 874 հազար եվրո: Կառավարությունը ՄԻԵԴ-ին միակողմանի հայտարարություն էր տվել՝ նշելով. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ընդունելով, որ խախտվել են դիմումատուների իրավունքները, առաջարկում է ամբողջ նյութական եւ ոչ նյութական վնասը, ինչպես նաեւ բոլոր ծախսերը եւ ծախքերը հատուցելու համար դիմումատուներ Մարինե Կպրյանին եւ Անժելա Ասրիբաբայանին միասին վճարել 118000 եվրո»:
2017 թվականի հուլիսի 12-ի գրությամբ դիմումատուները նշել էին, որ իրենք բավարարված չեն Կառավարության՝ միակողմանի հայտարարության պայմաններով, Եվրոպական դատարանից պահանջել էին մերժել կառավարության առաջարկը՝ նշելով, որ դրանով առաջարկված փոխհատուցման գումարն իրենց պատճառված վնասի համեմատությամբ ծիծաղելի է։
Բայց հաշվի առնելով Կառավարության հայտարարության մեջ ներկայացված փաստարկները եւ առաջարկվող փոխհատուցման գումարի չափը, որը համապատասխանում էր համանման գործերով շնորհված գումարներին՝ Եվրոպական դատարանը որոշել էր, որ գանգատի քննությունը շարունակելն այլեւս արդարացված չէ:
Դիմումատուները Հայաստանի Կառավարությունից պահանջել էին 874 հազար եվրո նյութական վնասի եւ 3301 եվրո կրած ծախսերի փոխհատուցում։ Ի վերջո գործի քննության արդյունքում Եվրոպական դատարանն ընդունել էր Հայաստանի կառավարության առաջարկությունը՝ դիմումատուներին վճարելով 118 հազար եվրո ամբողջ նյութական եւ ոչ նյութական վնասի դիմաց:
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։