Գերմանիայի Բունդեսթագի «Ազատ դեմոկրատներ» խմբակցության պատգամավոր Թիլ Մանսմանն ընդգծել է, որ հարկավոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծում գտնել։ Մանսմանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նշել է, որ Գերմանիան, որպես Մինսկի խմբի անդամ, աջակցում է Մինսկի խմբի համանախագահության ջանքերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցություններում։
Պատգամավորը նշել է, որ 2020-ին սկսված եւ մինչեւ նոյեմբեր շարունակված ռազմական բախումներից հետո Գերմանիան Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մակարդակով ընդհանուր առմամբ 2 միլիոն եվրոյի հումանիտար աջակցություն է ցուցաբերել ԼՂ-ին։
Մանսմանն անդրադարձել է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությանը՝ շեշտելով, որ երկարաժամկետ նպատակը միշտ պետք է լինի խաղաղ գոյակցությունը:
«Որքան էլ թշնամական լինեն Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները, մենք բախվում ենք մի իրականության, երբ եւ՛ Հայաստանը, եւ՛ Թուրքիան ավելի փոխկապակցված են դառնում գլոբալիզացիայի պայմաններում: Հայաստանը պետք է բաց մնա խաղաղության եւ առեւտրի զարգացման համար»,- ասել է Մանսմանը: