Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Երեւան: Նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Լավրովը Հայաստան է եկել Անկարայից, որտեղ բանակցություններ է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ:
Հունիսի 9-ին ակնկալվում են Լավրովի բանակցությունները ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, ինչպես նաեւ հանդիպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երեւանում Հայաստանի ղեկավարության հետ մանրամասն կխոսի ՀՀ-ի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի առաջնորդների` 2020-ի նոյեմբերի 9/10-ի, 2021-ի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքի մասին։
Կքննարկվեն երկկողմ դաշնակցային հարաբերություններին, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում Մոսկվայի եւ Երեւանի փոխգործակցության ընդլայնմանը, ինչպես նաեւ միջազգային հարթակներում համակարգման ամրապնդմանը վերաբերող հարցեր։
Զախարովան նշել է, որ հունիսի 10-ին Սերգեյ Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին։ Մասնակիցները կամփոփեն կառույցի շրջանակում բազմակողմանի համագործակցության արդյունքները, կքննարկեն հետագա փոխգործակցության հեռանկարներ, կխոսեն ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործման մասին։
Նիստից հետո կստորագրվի 2022-2024 թվականների համար արտաքին քաղաքականության, պաշտպանության, անվտանգության հարցերով ՀԱՊԿ երկրների խորհրդակցությունների ծրագիրը։