Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Անկարայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը խոսել է հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին՝ կարեւորելով 3+2 հարթակը։
Թուրքիայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում աջակցության համար։
Չավուշօղլուն Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Թուրքիան կողմ է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմը բանակցությունների միջոցով դադարեցնելուն, ինչը բխում է միջազգային հանրության շահերից։
Անդրադառնալով Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի մատակարարումների հարցին՝ թուրք նախարարը նշել է, որ Անկարան իրատեսական է համարում Սեւ ծովում «հացահատիկային միջանցքի» ստեղծման ծրագիրը։
Չավուշօղլուի խոսքով՝ Ուկրաինայում պատերազմը ոչ միայն սպառնալիք է նավատորմի եւ առեւտրի համար Սեւծովյան տարածաշրջանում, այլեւ լի է ավելի մեծ խնդիրներով։
Նա ընդգծել է, որ միջազգային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարման վերաբերյալ տարբեր գաղափարներ են առաջ քաշվել, դրանց թվում՝ ՄԱԿ-ի ծրագիրը: Սա ծրագիր է, որը նախատեսում է ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Թուրքիայի մասնակցությամբ հատուկ քառակողմ համագործակցության մեխանիզմի ստեղծում, որը ենթադրում է նաեւ նավերի ստուգում։
Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան այս ծրագիրը համարում է իրագործելի ու կենսունակ, բայց դրան առաջին հերթին պետք է հավանություն տան Ռուսաստանը եւ Ուկրաինան։ Թուրքիան իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպում կազմակերպելու Ստամբուլում՝ քննարկելու ՄԱԿ-ի առաջարկած մեխանիզմի մանրամասները:
Չավուշօղլուն շեշտել է, որ Թուրքիան միանգամայն օրինական եւ արդարացված է համարում ռուսական կողմի պահանջները՝ վերացնել Ռուսաստանի Դաշնությունից ապրանքների արտահանման խոչընդոտները՝ Ուկրաինայից հացահատիկի, արեւածաղկի եւ արեւածաղկի ձեթի փոխադրումն ապահովելու դիմաց։ Գործընթացն ընդգրկում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են նավերի ապահովագրությունը, նյութատեխնիկական ապահովումը, տրանսպորտային ծառայությունները եւ բանկային գործառնությունները:
«Այսինքն, եթե աշխարհին պետք են ապրանքներ Ուկրաինայից եւ Ռուսաստանից, պետք է միասին աշխատենք մատակարարումների համար ճանապարհ բացելու ուղղությամբ։ Կարեւոր է ստեղծել մեխանիզմ, որը կապահովի բոլոր կողմերի շահերը»,- ընդգծել է Չավուշօղլուն։
Սեւծովյան արգելքներ
Արեւմտյան տերությունները ճնշում են գործադրում Անկարայի վրա՝ պահանջելով Ուկրաինայի շրջափակումը վերացնելու նպատակով բացել Սեւծովյան նեղուցները ՆԱՏՕ-ի նավերի համար։ Սեւծովյան միջանցքի ստեղծմամբ հնարավոր կլինի ուկրաինական հացահատիկը ներմուծել համաշխարհային շուկա:
Ուկրաինական ցորենը նավերով՝ Ստամբուլի Բոսֆորի նեղուցով էր հասնում համաշխարհային շուկա: Ռուսաստանը փակել է նեղուցը՝ Ուկրաինան ծովային շրջափակման ենթարկելու համար։
Այժմ հացահատիկի գները հասնում են ռեկորդային մակարդակի՝ առաջացնելով նոր տնտեսական ցնցումներ: Մասնավորապես, ըստ վերլուծաբան Յորուկ Իշիկի, 2020-ին Լիբանան ներմուծվող ցորենի 75 տոկոսը Ուկրաինայից էր: Այժմ Լիբանանը, որտեղ արդեն ֆինանսական ճգնաժամ է, առերեսվում է մեկ այլ մեծ ճգնաժամի:
Համաշխարհային պարենային ճգնաժամի սպառնալիքը ՆԱՏՕ-ի որոշ երկրների դրդում է միջամտելու իրավիճակին: