Համաշխարհային բանկը կանխատեսել է 2022-ին Ուկրաինայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 45% անկում։ Ռուսաստանում տնտեսական անկումը կկազմի 8,9%:
Համաշխարհային տնտեսության հեռանկարների վերաբերյալ ՀԲ զեկույցում նշվել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա խաթարել է ուկրաինական արդյունաբերական հատվածը, հանգեցրել ենթակառուցվածքների ոչնչացմանը, բնակչության կտրուկ նվազմանը։
Ուկրաինա ներխուժումը, արտասահմանյան ընկերությունների հեռանալը, պատժամիջոցները ծանր հարված են հասցրել նաեւ Ռուսաստանի տնտեսությանը։ Սակայն էներգակիրների արտահանման եկամուտներով կառավարությունը կարողանում է ֆինանսավորել բյուջեի ծախսերը։
Ուկրաինայի պատերազմը բացասաբար է անդրադառնում նաեւ համաշխարհային տնտեսության վրա։ Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսական աճի իր կանխատեսումը կրճատել է ավելի քան կիսով չափ՝ մինչեւ 1,2%։
Համաշխարհային բանկի փորձագետները նշել են՝ աշխարհը թեւակոխում է թույլ տնտեսական աճի եւ բարձր գնաճի երկարատեւ շրջան։ Մասնավորապես, ուկրաինական եւ ռուսական հացահատիկի եւ բուսական յուղի արտահանմանն առնչվող խնդիրները հանգեցնում են դրանց գների աճին։