ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծին։
Նոր փոփոխությամբ՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը կզբաղեցնի ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ ԶՈՒ ԳՇ պետը պաշտպանության նախարարին փոխարինող չի լինելու։ Այդ կապակցությամբ առանձնահատուկ կարգավորումներ են կատարվում նաեւ պետական կառավարման համակարգը կանոնակարգող մի շարք այլ օրենքներում։
Նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները, խմբագրել եւ հստակեցնել ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի ու ՀՀ պաշտպանության նախարարի ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը։
Պապիկյանն ընդգծել է, որ գնումների գործընթացն ու ապահովումն ամբողջությամբ իրականացնելու է ՀՀ պաշտպանության նախարարությունը, եւ գլխավոր շտաբն այլեւս չի զբաղվելու այդ հարցով։
Զինված ուժերի ապահովումների գործընթացում պաշտպանության նախարարությանն են վերապահվում բոլոր տեսակի նյութատեխնիկական միջոցների, պահեստային տնտեսությունների կառավարման և կենտրոնացված բեռնափոխադրումների կազմակերպման գործառույթները, զինված ուժերի կարիքների համար գնումների գործընթացների իրականացման ամբողջ համալիրը։
Գործող օրենքով Զինված ուժերի գլխավոր շտաբն է կազմակերպում Զինված ուժերի օպերատիվ, տեխնիկական և թիկունքային ապահովումը։
Պապիկյանը շեշտել է, որ ԶՈՒ-ն պետք է զբաղվի միայն իրեն վերապահված գործով` պաշտպանել ՀՀ սահմանները, զբաղվել մարտական պատրաստականությամբ, բանակի մարտունակության բարձրացմամբ։
Կառավարությունն օրենսդրական նախաձեռնությունն անհետաձգելի է համարել եւ ուղարկել Ազգային ժողով։