Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը առանձնազրույց է ունեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Դրան հաջորդել է պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը:
Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ երկրների առաջնորդները երեք անգամ հանդիպել են հակամարտությանն առնչվող հարցերը լուծելու եւ հարաբերությունները բարելավելու համար:
«Ես կարծում եմ, մենք ունենք ընդհանուր գիտակցություն, որ գործընթացն առաջ է գնում»,- ընդգծել է Լավրովը։
Նա ընդգծել է, թե ցանկալի կլինի, որ գործընթացներն ավելի արագ ընթանան, բայց, այնուհանդերձ, կա առաջընթաց, ձեռք են բերվում առարկայական դրական արդյունքներ։ Կասկածներ չկան, որ կլինեն նաեւ վերջնական պայմանավորվածություններ:
Լավրովը նշել է, որ կողմերն, իհարկե, ունեն իրենց տեսլականը խնդրի շուրջ, հաճախ նաեւ իրար չհամընկնող, սակայն կողմերից յուրաքանչյուրը՝ ներառյալ Ռուսաստանը, առաջնորդվում է բարձրագույն ղեկավարության ստորագրած երեք համաձայնագրերով։
«Դա շատ հստակ ճանապարհային քարտեզ է, որով բոլորս պետք է առաջնորդվենք։ Ինչպես գիտեք, հերթական հանդիպումը նախատեսված է Մոսկվայում։ Մենք պատրաստ ենք խորհրդատվություն տրամադրելու, այդ թվում եւ քարտեզային նյութեր։ Դա շատ կարեւոր է այս աշխատանքի համար»,- նշել է ՌԴ արտգործնախարարը։
Լավրովը շեշտել է, որ Միրզոյանի հետ հանդիպմանը քննարկվել են նաեւ մնացած ընթացիկ հարցերի կարգավորման տարբերակները։
Սերգեյ Լավրովի այցի շրջանակում նախատեսված են նաեւ հանդիպումներ ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի հետ:
Հունիսի 8-ին Թուրքիայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի իր գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը եւս քննարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացը: