Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն Անկարայում ընդունել է Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին ու Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին։
«Մեր հայ համայնքը մեր երկրի անբաժան մասն է։ Մենք կշարունակենք երկխոսությունն ու շփումները հայ համայնքի ականավոր ներկայացուցիչների հետ»,- թվիթերյան պաշտոնական էջում գրել է Թուրքիայի արտգործնախարարը։
Պոլսո Հայոց պատրիարքարանից հայտնել են, որ խոսելով հայ-թուրքական հարաբերություններից՝ Չավուշօղլուն հույս է հայտնել, թե երկու երկրների հարաբերությունները կնորմալանան՝ ընդգծելով, որ հոգեւորականները քաղաքական գործիչներից ավելի մեծ ազդեցություն են ունենում հանրային կարծիքի վրա երկու ժողովուրդների բարեկեցության համար տարվող աշխատանքներում։
Չավուշօղլուն հետաքրքրվել է համայնքային ընտրություններով։ Մաշալյանը նշել է, որ կանոնադրությունը հասել է վերջին փուլին եւ, հուսով է՝ մոտ ժամանակներս կհրապարակվի։
Սահակ Պատրիարքը եւ Խաժակ արքեպիսկոպոսը տեղեկացրել են, որ սուրբ Ներսես Շնորհալու վախճանի 850-րդ տարելիցին նվիրված ձեռնարկների շարքում ցանկանում են մասնավորապես ուխտագնացություն կազմակերպել դեպի Հռոմկլա եւ մերձակա վայրերը (Կիլիկյան Հայաստան)։ Չավուշօղլուն օգնելու պատրաստակամություն է հայտնել: