ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Հայաստանի տարածքով «միջանցք» ունենալու մասին ադրբեջանական կողմի հայտարարությունները, հայտարարել է, որ երկաթուղային եւ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հիմքում Հայաստանի տարածքային ինքնիշխանության պահպանումն է լինելու։
«Ինչպես գիտեք, երկաթուղային երթուղին համաձայնեցված է, այժմ ավարտվում է տրանսպորտային երթուղու եւ դրա ռեժիմի համաձայնեցումը։ Ապաշրջափակումը հենվելու է ՀՀ տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա։ Այստեղ ոչ մի երկիմաստություն չի կարող լինել»,- ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասել է Լավրովը։ Նա նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցական ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով։
Ի պատասխան Արարատ Միրզոյանի խոսքին, թե ՀՀ-ն շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս քվոն` 2021-ի մարտի 23-ի դրությամբ առկա իրավիճակը, որը խախտվել էր Ադրբեջանի զինված ուժերի` Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժմամբ, ՌԴ արտգործնախարարը նշել է, թե Փառուխի հարցը կլուծվի սահմանազատման առարկայական աշխատանքներ սկսելու շրջանակում։
Լավրովն ընդգծել է, որ Փառուխը ռուսաստանցի զինվորականների համար առաջնահերթություններից մեկն է, «եւ մեր հայ ընկերները դրա մասին շատ լավ տեղյակ են։ Այնտեղ արդեն իսկ որոշակի արդյունքներ կան՝ իրավիճակի դեէսկալացիայի առումով, եւ մեզ մոտ ընկալում կա, որ սահմանազատման՝ արդեն մեկնարկող առարկայական աշխատանքների շրջանակում այդ հարցերը կքննարկվեն եւ անպայման կլուծվեն»։
ՌԴ արտգործնախարարը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՌԴ-ն շահագրգռված է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների լիակատար կարգավորմամբ ու պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերելու։
Սերգեյ Լավրովը ողջունել է սահմանազատման աշխատանքների մեկնարկը։ Նա նշել է, որ Մոսկվայում նախատեսված հանդիպմանը ռուսական ներկայացուցիչները խորհրդատվական ծառայություններ, այդ թվում՝ քարտեզագրական նյութեր կմատուցեն։
Թարմացում․
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ ՀՀ-ի եւ ՌԴ-ի հարաբերություններն ընդգրկում են գրեթե բոլոր ոլորտները։ Երկկողմ օրակարգից բացի, կողմերի շփումների կարեւոր թեման է նաեւ Ղարաբաղյան կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը։
Սերգեյ Լավրովը շեշտել է, որ դա առանձնահատուկ նշանակություն ունի նաեւ հայ ժողովրդի համար, քանի որ տրանսպորտային եւ տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման աշխատանքը կարեւորագույն նշանակություն ունի Հայաստանի երկրի զարգացման, ՌԴ-ի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման եւ զուտ մարդկային հարաբերությունների համար։
«Այդ ամենը շատ օգտակար է մեր ընդհանուր՝ Հարավկովկասյան տան համար։ Մենք ամեն կերպ կաջակցենք»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։