«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հունիսի 17-ից կգործարկի Երեւան-Շորժա էլեկտրագնացքը՝ հանգստի սեզոնին առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու եւ դեպի Սեւանա լիճ տանող ճանապարհները բեռնաթափելու նպատակով:
Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ եւ կիրակի: Տոմսի արժեքը մեկ ուղղությամբ կազմում է 600 դրամ մինչեւ Սեւանի կայարան եւ 1000 դրամ` մինչեւ Շորժա:
Գնացքը Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի «Ալմաստ» գործարանին կից համանուն կառամատույցից կմեկնի 08:30-ին՝ Սեւանի կայարան ժամանելով 10:28-ին, իսկ Շորժա՝ 11:28-ին։
Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը Շորժայի կայարանից կմեկնի 17:00-ին, Սեւանից՝ 18:00-ին՝ Երեւան վերադառնալով ժամը 20:00-ին: