Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ խաղաղության գործընթացին աջակցելու ճանապարհներ գտնելու համար։ Լիցենբերգերը շեշտել է, որ ուղիղ շփումները շատ կարեւոր են, եւ ԱՄՆ-ը կարող է կարեւոր դեր ունենալ այս գործընթացում։
Դեսպանը նշել է, որ ամերիկյան կողմն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին ուղղված ԵՄ քայլերին, յուրաքանչյուր երկրի՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերին, իսկ Թուրքիան այդ երկրներից մեկն է։
Լիցենբերգերն ընդգծել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը եւ կցանկանար նման առաջընթաց տեսնել նաեւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ։
Լիցենբերգերը նշել է, որ ԱՄՆ-ը ներգրավված է Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականզերծման գործընթացում։
«Մինչ օրս ականի պայթյունների ու մարդկային կորուստների դեպքեր կան։ Չեմ կարծում, որ մարդիկ կկարողանան վերադառնալ այդ տարածքներ, քանի դեռ ականազերծման խնդիրը չի լուծվել»,- ասել է Լիցենբերգերը։
ԱՄՆ դեսպանը նշել է, որ իրենց որոշ ընկերություններ գործունեություն են ծավալում Արցախի տարածքներում, եւ ամերիկյան կողմը ցանկանում է այդ ընկերությունների համար նոր հնարավորություններ տեսնել։
Լիցենբերգերն ընդգծել է, որ ԱՄՆ-ը ողջունել է սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին համատեղ նիստի անցկացումը։