ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Նախագծով սահմանվում է, որ Հայաստանում արդեն իսկ խոշորացված 13 համայնքներ կմիավորվեն 5 համայնքի մեջ:
Արագածոտնի մարզում Թալին եւ Արագածավան համայնքների միավորմամբ կլինի 34 բնակավայրով Թալին համայնքը, բնակչությունը՝ շուրջ 37 հազար 500, Գեղարքունիքի մարզում Ճամբարակ եւ Շողակաթ համայնքների միավորումից կկազմավորվի Ճամբարակ համայնքը՝ 19 բնակավայրով եւ 15 հազար բնակչությամբ, Լոռու մարզում Ալավերդի, Օձուն, Ախթալա եւ Շնող համայնքների միավորումից՝ Ալավերդի խոշորացված համայնքը՝ 28 բնակավայրով եւ 42 հազար 700 բնակչությամբ, Լոռու մարզում Տաշիր, Մեծավան եւ Սարչապետ համայնքների միավորումից՝ Տաշիր համայնքը՝ 24 բնակավայրով եւ 28 հազար բնակչությամբ, եւ Սյունիքի մարզում Սիսիան եւ Գորայք համայնքների միավորումից՝ Սիսիան համայնքը՝ 36 բնակավայրով և 31.5 հազար բնակչությամբ:
Այսպիսով՝ Հայաստանում այժմ գոյություն ունեցող 79 համայնքների փոխարեն կլինի 72 համայնք, որից 64-ը՝ խոշորացված:
Հայաստանում 2016-ից միավորել, խոշորացվել է 908 բնակավայր: