Հակառակ կանխատեսումներին՝ փողոցային պայքարի դուրս եկած խորհրդարանական ընդդիմությունը բողոքի ակցիա կազմակերպեց նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի օրը: Թեեւ այդ միջոցառումն ավելի շատ բողոքի ակցիայի իմիտացիա էր հիշեցնում:
Նրանք երթով դեպի ԱԳՆ ուղեւորվեցին առավոտյան՝ այն ժամանակ, երբ Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդում ծաղիկներ էր խոնարհում ցեղասպանության զոհերի հուշահամալրիրի մոտ: Բնականաբար, «Դիմադրության շարժման» ներկայացուցիչներից որեւէ մեկը ռուս պաշտոնյային չհետապնդեց այնտեղ, թեեւ հայտնի փաստ է, որ արարողակարգի համաձայն՝ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ընդդիմադիրները նույնիսկ չմոտեցան ԱԳՆ շենքին, ուր մնաց փակեին նախարարության մուտքերը: Նրանք բավարարվեցին մինչեւ գլխավոր դատախազության շենք հասնելով, հնազանդվեցին ոստիկաններին, ու ոստիկանական պատնեշը ճեղքելու, առաջ գնալու փորձեր չարեցին:
Իսկ երբ արդեն Լավրովը ժամանեց ԱԳՆ շենք, Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցի մեկնարկից կարճ ժամանակ անց ընդդիմադիրները հայտարարեցին իրենց ակցիան ավարտելու եւ Ֆրանսիայի հրապարակ վերադառնալու մասին: Ողջ օրը նրանք այդպես էլ չփորձեցին որեւէ կերպ «նեղություն տալ» ռուս պաշտոնյային, որ անգամ նրա շուրջ լարված մթնոլորտ չստեղծվի: Երեկոյան միայն կարճատեւ հանրահավաք արեցին ու վերջ:
Մինչդեռ, երբ Հայաստանում էին արեւմտյան երկրների, մասնավորապես Լիտվայի ու Չեռնոգորիայի նախագահները, ընդդիմադիրները կրնկակոխ հետապնդում էին նրանց: Իսկ Լիտվայի նախագահի այցի ժամանակ իրենց աղմուկով պարզապես խանգարում էին նախագահական նստավայրի բակում դիմավորման արարողությանը:
Բայց շատ ավելի հետաքրքիր էին ուղերձները, որ իրենք փորձում էին հասցնել Լավրովին: Մանավանդ, ինչպես ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էր նշել, իրենց նպատակը հենց ՌԴ ԱԳ նախարարին ուղերձ հասցնելն էր, ոչ թե ԱԳՆ շենքը շրջափակելը:
Եվ ահա Հայաստանն ու Արցախը փրկելու ելած ընդդիմադիրները երեկ ռուս պաշտոնյային մի խաչմերուկի հեռավորությունից փորձում էին համոզել, որ Փաշինյանի իշխանությունը չի վայելում ժողովրդի վստահությունը, եւ իշխանափոխության դեպքում իրենք վստահելի դաշնակից են լինելու ՌԴ-ի համար. այդ միտքը հնչեցրին ե՛ւ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը, ե՛ւ ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը:
Մինչդեռ, ինչպես հայտնի է, նրանք պայքարի են դուրս եկել ընդդեմ այս ընթացքում տարվող հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի:
Արդեն մեկ ամսից ավելի «ո՛չ թուրքացմանը» կոչերով հանդես եկող ընդդիմադիրները որեւէ անհամաձայնություն չհայտնեցին ո՛չ հայ-թուրքական, ո՛չ հայ-ադրբեջանական երկխոսության վերաբերյալ, որոնց «կնքահայրը», հայտնի փաստ է, ՌԴ-ն է: Նրանք դեմ չարտահայտվեցին տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման կապակցությամբ, թեեւ ներքին լսարանի մոտ հանրահավաքների ժամանակ քննադատում են այդ պրոցեսը:
Անգամ որեւէ խոսք չեղավ Արցախում ռուս խաղաղապահների վերահսկողության գոտի ադրբեջանական ԶՈՒ-ի ներխուժման առնչությամբ, եւ ոչ մի դժգոհություն առ այն, որ կատարվածը ռուս խաղաղապահների առնվազն անգործության հետեւանք էր: Մինչդեռ Փառուխում տեղի ունեցածին անգամ իշխանություններն արձագանքեցին, Լավրովի հետ ասուլիսում նաեւ Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե «ՀՀ-ն շարունակում է հավատալ, որ խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնելու նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս քվոն»:
Որեւէ խոսք չեղավ ՀԱՊԿ-ի լռության առնչությամբ, երբ Ադրբեջանը խախտում էր ՀՀ սահմաններն ու ներխուժում ինքնիշխան երկրի տարածք: Մինչդեռ այս կապակցությամբ տարբեր շրջանակներ միշտ էլ դժգոհություններ են հայտնել:
Որեւէ խոսք չեղավ Ադրբեջանին զենք վաճառելու հարցի մասին: Անտեսվեցին նաեւ ապագայում Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցերն, ու չհնչեցին մտահոգություններ:
Այսինքն՝ ընդդիմությունը լռելյայն շրջանցեց առանցքային թեմաները, որոնք առնվազն ռուսական պատասխանատվության գոտում են, եւ միայն բավարարվեցին իշխանություններին «սեւացնելուն» զուգահեռ հավատարմության երդումներ տալով, որ եթե իրենք լինեն պետության ղեկին, ամեն ինչ միանգամայն այլ կլինի՝ ավելի խոր եւ համապարփակ: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ ընդդիմության գործողությունների ու նպատակների մասին:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: