ՀՀ Կառավարությունը որոշում է ընդունել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի շրջանակում ՀՀ Սյունիքի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին»:
Ըստ այդ որոշման՝ Սյունիքի մարզի մի շարք տարածքներ հանրության գերակա շահ կճանաչվեն՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման շրջանակում Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի մաս կազմող Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի ելք եւ նախատեսվող Քաջարանի թունելի մուտք-Սիսիան-Քաջարան հատվածի նախատեսվող նոր խաչմերուկ, նաեւ՝ Քաջարանի թունել, ճանապարհահատվածի կառուցման նպատակով։
Կառուցվող ճանապարհահատվածի օտարման գոտու սահմաններում ներառված են Սյունիքի մարզի Լեռնաձոր, Քաջարան, Տաշտուն, Լիճք, Վարդանիձոր, Գուդեմնիս, Լեհվազ, Մեղրի համայնքների ընդհանուր 982 միավոր հողամասեր:
Սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետ է սահմանվել 2023-ի հունիսի 30-ը:
Կառավարությունն ընդունել է նաեւ «ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրի «Արձագանք» քանդակի հարակից տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշումը:
Ըստ հիմնավորման՝ «Արձագանք» քանդակի վերականգնման աշխատանքների ընթացքում պարզվել է, որ հուշարձանի եւ դրան հարակից տարածքները՝ շուրջ 5000 քմ մակերեսով, քաղաքացու սեփականություն են:
Որոշման ընդունմամբ կկարգավորվեն եւ կհաստատվեն հուշարձանի նկատմամբ պետության, պետական լիազոր մարմնի իրավասությունները, հուշարձանի օգտագործման եւ պահպանության ՀՀ օրենսդրությամբ նախատեսված միջոցառումների իրականացումը եւ այլն:
Բացի դրանից, կլուծվեն հուշարձանի տարածքի նպատակային եւ գործառնական նշանակության փոփոխության եւ Կոտայքի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում նորահայտ հուշարձանն ընդգրկելու օրենսդրությամբ սահմանված հարցերը: