ԱՄՆ-ի Կոնգրեսի մի շարք անդամներ Ներկայացուցիչների պալատ եւ Սենատ են ներկայացրել օրինագիծ Սաուդյան Արաբիայի, Կատարի եւ Պարսից ծոցի այլ երկրների, ինչպես նաեւ Եգիպտոսի, Իրաքի, Հորդանանի եւ Իսրայելի համար միասնական հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման մասին՝ Իրանին դիմակայելու նպատակով:
Փաստաթղթի տեքստը հրապարակել է սենատոր Ջոնի Էռնստը։ Օրինագիծը ենթադրում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարը պետք է համագործակցի Մերձավորարեւելյան տարածաշրջանի դաշնակիցների հետ հակահրթիռային պաշտպանության համակարգի համատեղ «ճարտարապետության» ստեղծման հարցով:
Փաստաթղթի հեղինակներն առաջարկում են տարածաշրջանի երկրներին Իրանի կողմից թեւավոր եւ բալիստիկ հրթիռներից, անօդաչուներից եւ հրթիռային գրոհներից պաշտպանելու եւ այլ նպատակների համար ստեղծել հակահրթիռային եւ հակաօդային պաշտպանության ինտեգրացված ներուժ։
Օրենքն ընդունելու դեպքում Պենտագոնը պետք է ներկայացնի այն ռազմավարությունը, որը 180 օրվա ընթացքում կսահմանի մոտեցումը հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության ինտեգրացված համակարգի նկատմամբ:
Իսրայելը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները ավելի վաղ Դուբայում ստորագրել են ազատ առեւտրի շուրջ համաձայնագիր: Համաձայնագրի շնորհիվ երկու երկրների միջեւ կվերանան ապրանքների 96%-ի մաքսատուրքերը՝ ներառյալ սննդամթերքը, կոսմետիկան, բժշկական սարքավորանքները եւ դեղորայքը:
«Աբրահամյան համաձայնագրեր»
Վաշինգտոնում 2020-ի սեպտեմբերին իսրայելական կողմն ԱՄՆ-ի միջնորդությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Բահրեյնի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնագիր ստորագրեց: Արեւմուտքում եռակողմ գործարքը ստացավ «Աբրահամյան համաձայնագրեր» (The Abraham Accords Declaration) անվանումը: Հետագայում Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին են հայտարարել Սուդանը եւ Մարոկկոն: Մինչեւ ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ հաշտության կնքումը հրեական պետությունն արաբական երկրներից դիվանագիտական հարաբերություններ ուներ միայն Եգիպտոսի եւ Հորդանանի հետ: