ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցներ շահագործելուն վերաբերող նախագծին:
Ներկայում յուրաքանչյուր 10 օրը մեկ ճանապարհային ոստիկանությունը պետք է վարչական իրավախախտման որոշում ընդունի եւ ուղարկի առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցները շահագործողներին: Բայց տուգանքը չի գերազանցում տարվա ընթացքում 100 հազար դրամը:
Նախագծով առաջարկվել է, որ ճանապարհային ոստիկանությունը իրավունք ունենա տարվա մեջ 10 անգամ որոշում ընդունելու, այսինքն՝ տուգանքը 5 հազարական դրամներով տարվա մեջ չգերազանցի 50 հազար դրամը։
Գործող օրենքով 100 հազար դրամ տուգանք է նախատեսվում այն վարորդների նկատմամբ, ովքեր տրանսպորտային միջոցը վարել են առանց ԱՊՊԱ պայմանագրի:
Ըստ նախագծի հեղինակների՝ նախատեսված 100 հազար դրամ տուգանքը համաչափ չէ իրավախախտման բնույթին եւ վտանգավորության աստիճանին: Առաջարկվել է, որ տուգանքն առավելագույնը լինի 30 հազար դրամ, որովհետեւ դրանից բարձր տուգանքներն արդեն քրեական պատժին են հավասարեցվում:
Բացի դրանից՝ պետք է հաշվի առնել, որ ԱՊՊԱ պայմանագիր չունենալով տրանսպորտային միջոցը վարելը հիմնականում սոցիալական իրավիճակով պայմանավորված խախտում է։
Նախագծով առաջարկվում է, որ եթե առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցը շահագործած վարորդը խախտման արձանագրումից հետո 48 ժամվա ընթացքում վերացնի խախտման հատկանիշները, այսինքն՝ ԱՊՊԱ պայմանագիր կնքի, նա կազատվի իրավախախտման համար նշանակված տուգանքի 75 տոկոսը վճարելու պարտականությունից: Այսինքն, եթե 48 ժամվա ընթացքում ներկայացնի ԱՊՊԱ պայմանագիր, կվճարի ոչ թե 100 հազար, այլ 25 հազար դրամ։
Կառավարությունն առաջարկել է վերոնշյալ 48 ժամը փոխարինել 24 ժամով՝ հիմնավորելով, որ ԱՊՊԱ պայմանագիր կնքելը դժվարին գործընթաց չէ: