Երեւանում ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի ավարտից հետո կառույցի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԶԼՄ ներկայացուցիչներին են ներկայացրել նիստի ամփոփիչ արդյունքները:
Նիստում ստորագրվել է արտգործնախարարների համատեղ հայտարարությունը անվտանգության, պաշտպանության եւ արտաքին քաղաքականության ոլորտներում առաջիկա երեք տարվա ծրագրերի մասին։
Արարատ Միրզոյանը նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը եւս անցկացնել Հայաստանում՝ չորրորդ եռամսյակում:
Միրզոյանը հիշեցրել է, որ այս տարի նշվում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 30-ամյակը եւ կազմակերպության ստեղծման 20-ամյակը։
ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել է, որ երկրների արտգործնախարարները մեծ ուշադրություն են հատկացրել հատկապես միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության վիճակի քննարկմանը: Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ բոլոր երեք տարածաշրջաններում իրավիճակը բարդ է՝ նկատի ունենալով կենտրոնասիական, կովկասյան եւ արեւելաեվրոպական տարածաշրջանները, շեշտելով, որ վերջինում իրավիճակը վատթարանում է։ Ուստի ՀԱՊԿ արտգործնախարարները հատուկ ուշադրություն են դարձրին ՀԱՊԿ պատասխանատվության գոտու իրավիճակին:
ԱԳ նախարարները հայտարարությամբ անթույլատրելի են համարել մի պետության անվտանգության ապահովումը մյուսների հաշվին:
Անգամ այս հայտարարությամբ նախարարներն աջակցություն են հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջնորդող դերին՝ համաշխարհային խաղաղության եւ անվտանգության հարցում:
Նիստի օրակարգում ընդգրկված է եղել նաեւ ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործման հարցը, որը ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության գլխավոր առաջնահերթություններից մեկն է։
Հայաստանի Հանրապետությունը նախագահում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում 2021-ի սեպտեմբերի 16-ից՝ մեկ տարի ժամկետով:
Քննարկել են տարածաշրջանային ընթացիկ իրավիճակը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստի մասնակիցներին՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյին, Ղազախստանի ԱԳ նախարար Մուխթար Թլեուբերդիին, Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաեւին, Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին:
Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանային ընթացիկ իրավիճակին՝ խոսելով Հայաստան-Ադրբեջան սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեության, տարածաշրջանային հաղորդակցական ուղիների բացման, Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ գերիների վերադարձի մասին՝ կարեւորելով միջազգային հանրության աջակցությունը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը շահագրգիռ է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակմամբ, եւ բոլոր ճանապարհները, որոնք պետք է բացվեն, գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են. «միջանցքային» որեւէ տրամաբանություն չի կարող լինել, եւ սա համընդհանուր ընկալում է։
Փաշինյանն առանցքային է համարել ԼՂ կարգավիճակի հարցը եւ ընդգծել, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
Նա անդրադարձել է 2021-ի մայիսից Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զորքերի ներխուժման հարցին, ինչի կապակցությամբ ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ:
Այս համատեքստում մտքեր են փոխանակվել ՀԱՊԿ մշտադիտարկման եւ արագ արձագանքման մեխանիզմների լավարկման շուրջ, ինչը կբարձրացնի կազմակերպության գործունեության եւ անդամ երկրների անվտանգային մարտահրավերների սպասարկման արդյունավետությունը: