Եվրախորհրդարանը զեկույց է հրապարակել Արեւելյան գործընկերության տարածաշրջանում անվտանգության խնդիրների վերաբերյալ։
Զեկույցում նշված է, որ Ադրբեջանի հրահրած 44-օրյա պատերազմը փոխեց ստատուս քվոն Հարավային Կովկասում եւ հանգեցրեց հազարավոր զոհերի ու տեղահանվածների։
Զեկույցում հիշատակվել է 2021-ի մայիսին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը, որով Ադրբեջանից պահանջվել է անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ գերիներին։
Զեկույցում ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվել։ Եվրախորհրդարանը խոր մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին շարունակվող լարվածության կապակցությամբ եւ հիշեցրել, որ մարտին վնասվել էր Լեռնային Ղարաբաղին գազ մատակարարող գլխավոր գազատարը, եւ տարածաշրջանը մնացել էր առանց էներգակիրների հասանելիության։
Եվրախորհրդարանը կարեւորել է հումանիտար խնդիրների լուծումը՝ ներառյալ գերիների եւ պահվող անձանց լիակատար ազատ արձակումը, անհայտ կորածների ճակատագիրը, ականազերծման խթանումը, Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության անվտանգ եւ ազատ տեղաշարժի ապահովումն ու հակամարտությունից տուժած բնակչությանն օգնության տրամադրումը: