«Հայաստան» hամահայկական հիմնադրամն արձագանքել է «Երկիր մեդիա» եւ USA Armenia (ԱՄՆ) հեռուստաընկերություններով ցուցադրվող «Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալում հնչեցված շահարկումներին։
Հիմնադրամն ընդգծել է, որ սերիալում հնչել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին առնչվող անհիմն մտքեր (ընդ որում՝ այն հորջորջելով որպես «Հայաստանի հիմնադրամ»), մերկապարանոց մեղադրանքներ եւ իմաստազուրկ արտահայտություններ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլեւ կարող են թյուր կարծիք ձեւավորել հայ հասարակության եւ, մասնավորապես, սփյուռքահայության շրջանում, ինչպես նաեւ անվստահություն առաջացնել նրանց բնակության եւ/կամ քաղաքացիության երկրների համապատասխան մարմինների մեջ:
«Հասկանալով հանդերձ, որ ֆիլմի տեքստերի հեղինակները կարող են վկայակոչել այսպես կոչված «գեղարվեստական ստեղծագործության» մեջ մտացածին եւ իրականության հետ աղերս չունեցող մտքեր արտահայտելու իրենց իրավունքը, ուզում ենք ընդգծել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը համազգային նշանակության բացառիկ կառույց է, որի գործունեության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նրա հեղինակությամբ եւ նրա նկատմամբ ձեւավորված վստահությամբ:
Առանց անդրադառնալու գեղարվեստական արժեքով կասկածելի այս ֆիլմում օգտագործվող հայերենի անհարիր բառապաշարին, արտահայտված բովանդակազուրկ մի շարք մտքերին, իրականության խեղաթյուրմանը` «Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆիլմի հեղինակներին եւ դրա ստեղծման ու ցուցադրման հետ առնչություն ունեցող բոլոր անձանց եւ կազմակերպություններին կոչ է անում անհարկի չշահարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի անվանումը եւ խուսափել դրա գործունեությունը վարկաբեկող ցանկացած դրսեւորումից»,- նշված է հիմնադրամի հայտարարությունում:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հիշեցրել է, որ 2020-ին ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով սկսված Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ամբողջ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց Հայաստանն ու Արցախը պաշտպանելու համար: Հարյուրհազարավոր հայրենակիցների ֆինանսական եւ բարոյական աջակցությունն անգնահատելի էր եւ շարունակվում է մինչեւ օրս` ուղղվելով Արցախի վերականգնմանը, զարգացմանը, արցախահայության տարաբնույթ կարիքների բավարարմանը, ինչպես նաեւ Հայաստանի սահմանային համայնքներում իրականացվող բազմաթիվ կենսական ծրագրերին:
Հիմնադրամն ընդգծել է․ «Չմտածված, ակնհայտ վիրավորական եւ քաղաքական ենթատեքստ ունեցող նման արտահայտություններն արժեզրկում են պատերազմի ընթացքում եւ դրանից հետո մեզանից յուրաքանչյուրի ունեցած ներդրումը»:
Հիմնադրամը շեշտել է, որ իրենց գործունեությունը մշտապես եղել է բաց, թափանցիկ եւ հաշվետու: Փոխանցված բոլոր միջոցները ծախսվել եւ ծախսվում են նպատակային եւ արդյունավետ, ինչը հաստատվել է հեղինակավոր միջազգային աուդիտի եզրակացությամբ:
«Ցավալի է, որ հենց հայկական արտադրության ֆիլմում են հնչեցվում սովորաբար ադրբեջանական քարոզչամիջոցներից հնչող անհիմն ու փաստազուրկ մեղադրանքներ։ Մենք վստահ ենք, որ հայ հասարակությունը եւ մեր միջազգային գործընկերները տիրապետում են ճշմարիտ տեղեկատվությանը եւ իրական փաստերին, ուստի կրկին անգամ կոչ ենք անում խուսափել Հիմնադրամի բարի համբավն ու հեղինակությունն արատավորող գործեալոճից»,- եզրափակել է Հիմնադրամը՝ հավելելով, որ կառույցի 2020-ի տարեկան հաշվետվությանը կարելի է ծանոթանալ այստեղ, իսկ 2021-ի հաշվետվությունը կհրապարակվի նույն կայքում ս.թ. հուլիսի սկզբին։