Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի 2022-ի հունվարի 18-ին ընդունված «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, ըստ որի՝ 300 հազար դրամից ավելի գործարքների դիմաց վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով: Օրինակ՝ այդ եղանակով կվճարվեն գույքի օտարման, օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքները, որոնց գինը գերազանցում է 300 հազար դրամը, եթե դրանք այնպիսի գործարքներ են, որոնց դեպքում գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են գրանցման:
Իսկ պետական գրանցման ենթակա գործարքների (ավտոմեքենայի, անշարժ գույքի եւ այլնի առուվաճառք կամ ֆիզիկական անձանց միջեւ փոխառություններ) դեպքում պարտադիր անկանխիկ եղանակով կատարման ենթակա են այն գործարքները, որոնց շեմը գերազանցում է 500 հազար ՀՀ դրամը:
Նշված օրենքի պահանջները չկատարելու դեպքում տվյալ գործարքը կհամարվի առ ոչինչ եւ անվավեր:
Այս դեպքում ցանկացած շահագրգիռ անձ տասը տարվա ընթացքում կարող է դիմել դատարան եւ պահանջել կիրառել այդ գործարքի առ ոչինչ լինելու հետեւանքները: Եթե դատարանը որոշի, որ գործարքն առ ոչինչ է, գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր կլինի մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ եթե դա անհնար է, ապա փոխհատուցել ստացած արժեքը դրամով:
Նշված կարգավորումը գործելու է նաեւ այն դեպքերում, երբ գործարքը մասնատվում է, եւ վճարումը մաս-մաս է կատարվում՝ օրենքի պահանջներից խուսափելու նպատակով: Այս դեպքում նույնպես գործարքն առ ոչինչ կհամարվի:
Օրենքը խախտելու պարագայում անձը կտուգանվի 100 հազար ՀՀ դրամի չափով:
Տնտեսվարող սուբյեկտները պետք է ունենան POS-տերմինալներ եւ պարտադիր ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունումը՝ բացառությամբ կրպակների: Հակառակ դեպքում, տնտեսվարողը կտուգանվի 300 հազար դրամի չափով:
Վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների (օրինակ՝ էլեկտրոնային դրամապանակների) միջոցով անկանխիկ վճարման ընդունումը կկատարվի տնտեսվարող սուբյեկտների ցանկությամբ:
Վերոնշյալ պահանջների կատարումը վերահսկում եւ խախտման դեպքում պատասխանատվության միջոցներ է կիրառում Պետական եկամուտների կոմիտեն:
Թարմացում․
ՀՀ արդարադատության նախարարության իրազեկումը 2022-ի հուլիսի 1-ից «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը ուժի մեջ մտնելու մասին։