ՌԴ ԱԳՆ-ն խմբագրել է Սերգեյ Լավրովի՝ Երեւանում հնչեցրած հայտարարությունը Փառուխի եւ հայ-ադրբեջանական սահմանազատման մասին։
«Ինչ վերաբերում է Փառուխի շուրջ իրավիճակին, ապա ռուսաստանցի զինվորականների համար այն իրենց առաջնահերթություններից մեկն է, եւ մեր հայ ընկերներն այդ մասին շատ լավ տեղյակ են: Այնտեղ արդեն իսկ որոշոկի արդյունքներ կան իրավիճակի կարգավորման առումով, եւ մեզ մոտ ընկալում կա, որ սահմանազատման արդեն մեկնարկող առարկայական աշխատանքների շրջանակում այդ հարցերը կքննարկվեն եւ անպայման կլուծվեն»,- Երեւանում ասել էր Լավրովը։
Լավրովի հայտարարությանը հետեւել է Բաքվի հայտարարությունը, թե Փառուխը Խոջալուի շրջանում է եւ կապ չունի Հայաստանի հետ սահմանազատման հարցի հետ։
«Այս գործընթացի շրջանակում չի նախատեսվում դիտարկել ադրբեջանա-հայկական պետական սահմանից դուրս որեւէ հարց, այդ թվում` կապված այն տարածքների հետ, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ադրբեջանի այս հայտարարությունից հետո ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական կայքում հրապարակված տեքստից հանել է Փառուխի հատվածը` գրելով․ «Հուսով ենք, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը կնպաստի Բաքվի եւ Երեւանի միջեւ վստահության բարձրացմանը եւ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում Փառուխի նման միջադեպերի կանխմանը»։
Ռուսական «Կոմերսանտը» մեջբերել է Լավրովի չխմբագրված հայտարարությունը՝ ընդգծելով, որ Բաքվի համար Փառուխի հարցը ամենացավոտ թեման է։ Պարբերականը նշել է, որ մարտին գրեթե առճակատում էր սկսվել ռուս խաղաղապահների եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ, որոնք օկուպացրել էին գյուղը՝ առանց Մոսկվայի հետ համաձայնեցնելու։ «Միաժամանակ, Բաքվի տեսակետից զինվորականներն իրավունք ունեին նման գործողությունների, քանի որ Ադրբեջանի իշխանությունը տարածվում է Ղարաբաղի ամբողջ տարածքի վրա»: