Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագրով ՀՀ Կառավարությունը աջակցություն կտրամադրի սահմանամերձ գյուղական բնակավայրում անհատական տուն կառուցելու դեպքում։
Աջակցության չափը հիփոթեքային վարկով անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչեւ 12 միլիոն դրամ է, բայց ոչ ավելի, քան ամսական 171 հազար դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչեւ 12%, հանրագումարային մինչեւ 8 միլիոն 660 հազար դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 120 հազար դրամ։
Ծրագրի շրջանակում 240 ընտանիքի աջակցություն տրամադրելու համար 2022-ին կպահանջվի շուրջ 137 միլիոն 700 հազար դրամ։
Շահառու կարող են դառնալ ՀՀ բնակչության ռեգիստրում գրանցված ամուսիններ, որոնցից առնվազն մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի։ Տարիքային սահմանափակում չկա, երեխա ունենալու պայման չկա, ծրագրի հիմնական թիրախ են նոր ստեղծվող ընտանիքները, որոնք կկարողանան իրենց տունը կառուցել պետական աջակցությամբ։
Հայաստանում կա 79 սահմանամերձ գյուղական բնակավայր, որոնք ընդգրկված են Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի եւ Տավուշի մարզերում: