Բալկաններ այցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Սերբիայի եւ Կոսովոյի անդամակցությունը Եվրամիությանը հնարավոր չէ առանց Բելգրադի եւ Պրիշտինայի փոխադարձ ճանաչման:
Գերմանիայի կանցլերը հունիսի 10-ին Արեւմտյան Բալկաններ այցելությունը սկսել է Կոսովոյից: Վարչապետ Ալբին Կուրտի հետ հանդիպումից հետո Շոլցը հայտարարել է, թե ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելով՝ Կոսովոյի կառավարությունը ցույց տվեց, որ կանգնած է Եվրոպայի կողքին:
Նա ընդգծել է, որ Կոսովոն եւ Սերբիան պետք է համապարփակ պայմանագրի հասնեն, եւ ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչիկը Գերմանիայի լիակատար աջակցությունն ունի այդ հարցում։
Հունիսի 11-ին Շոլցն այցելել է Բելգրադ, որտեղ հանդիպել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։
Գերմանիայի կանցլերը Վուչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Բեռլինը ողջունում է Եվրամիությանը Սերբիայի անդամակցության գործընթացը, ինչը ավելի քան վեց ամիս կտեւի։
Շոլցը դարձյալ Բելգրադին եւ Պրիշտինային կոչ է արել վերջնականապես լուծել Կոսովոյի հարցը եւ կարգավորել հարաբերությունները:
Կանցլերը նշել է, որ Եվրամիությանն անդամակցել ցանկացող երկրները պետք է միանան հակառուսական պատժամիջոցներին:
Վուչիչը հիշեցրել է, որ Սերբիան դատապարտել է Ռուսաստանի հատուկ գործողությունն Ուկրաինայում, բայց Մոսկվայի դեմ պատժամիջոցներն արդյունավետ չի համարում։
Սերբիայի նախագահն ընդգծել է, որ արդեն այս տարվա դեկտեմբերին Սերբիան զգալի առաջընթաց կգրանցի Պրիշտինայի հետ երկխոսության եւ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին։
Սերբիան, Ալբանիան, Հյուսիսային Մակեդոնիան, Թուրքիան եւ Չեռնոգորիան այժմ Եվրամիությանն անդամակցության պաշտոնական թեկնածուներն են։ Անկարան այդ հարցով բանակցություններ է վարում 2005-ից։
Մոտ ապագայում ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ կարող են ստանալ Ուկրաինան, Վրաստանը եւ Մոլդովան: