Ամուր գետի վրայով անցնող միջազգային ավտոմոբիլային կամրջով բեռնատարների երթեւեկությունն արդեն սկսվել է։ Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ առաջին ավտոմոբիլային կամուրջը կապահովի բեռնափոխադրումները Բլագովեշչենսկից (ՌԴ)-Հեյհե (Չինաստան), հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։ Ամուրի շրջանի ղեկավար Վասիլի Օռլովը հայտնել է, որ մեկ մեքենայի համար կամրջով ճանապարհորդության միջին արժեքը կլինի 8700 ռուբլի, իսկ հետագայում՝ ավելի ցածր։
Բլագովեշչենսկից-Հեյհե կամրջի կառուցումն արժեցել է 19 միլիարդ ռուբլի, որից 14 միլիարդը ներդրվել է ՌԴ-ի տարածքում։ Կամրջի երկարությունը 1080 մետր է։ Այն երկկողմանի է, երթեւեկելի մասի ընդհանուր լայնությունը 11 մետր է, ընդհանուր երկարությունը՝ մոտ 20 կիլոմետր։
Կամրջի շինարարությունը սկսվել էր 2016-ին, բացումը նախատեսվել էր 2020-ի նոյեմբերին, բայց համաճարակաբանական բարդ իրավիճակի պատճառով օբյեկտի գործարկումը հետաձգվել էր։