«Զվարթնոց» օդանավակայանում հունիսի 10-ի երեկոյան վայրէջք է կատարել ազգային հայկական ավիափոխադրողի՝ Fly Arna-ի առաջին Airbus A320 օդանավը: Շարժա-Երեւան թռիչքը տեւել է 3 ժամ, ինքնաթիռն անցել է մոտ 1900 կմ օդային հեռավորություն։
Fly Arna-ի ուղեւորատար առաջին կանոնավոր չվերթերը կիրականացվեն հուլիսի 3-ից։ Առաջին թռիչքը կլինի «Զվարթնոցից» դեպի Հուրգադա: Նախնական 4 ուղղություն է՝ դեպի Եգիպտոս, Բեյրութ եւ Քուվեյթ: Տոմսերի վաճառքն արդեն սկսված է։
Առաջիկայում՝ 2-3 շաբաթում, ուղղությունները կավելանան։ Ընկերությունը մտադիր է թռիչքներ իրականացնել նաեւ դեպի Ռուսաստան եւ ԵՄ երկրներ։
Fly Arna-ի Airbus A320 օդանավը 174 տեղանոց է: «Էյր Արաբիա»-ի մոդելը լոուքոսթեր է: Երկու տարվա ընթացքում ակնկալվում է ունենալ 3-5 ինքնաթիռ:
Fly Arna-ն Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունն է: Ձեռնարկության 51 տոկոսը հայկական կողմինն է, 49 տոկոսը՝ օտարերկրյա ընկերությանը: Fly Arna-ն այս պահին 63 աշխատակից ունի. 85 տոկոսը հայեր են, որոնց թվում՝ ղեկավար թիմը: