Նիկոլ Փաշինյանի հարցադրումը, որ եթե Շուշին մերն էր, ինչո՞ւ էր «դժբախտ եւ դժգույն», ոչ միայն քաղաքական ընդդիմության, այլեւ մամուլի, սոցիալական մեդիայի կողմից ընդունվեց սրերով։
Հանրությունը մի զգալի մասով, երեւի, նույնիսկ աղետալի պատերազմից հետո պատրաստ չէ լսել ցավոտ բաներ, հակված չէ վերլուծությունների, վերագնահատումների եւ համառորեն չի ուզում պատրանքազերծ լինել։ Եթե խոսքը միջին-վիճակագրական հայ մարդու մասին է, ապա նրան կարելի է հասկանալ։
Արտառոցն այն է, ինչ օրերս ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարեց․ «Պարզվել է, որ Շուշիում տարիներ շարունակ ապրել է մի գերմանացի, սակայն վերջերս պարզվել է, որ այդ գերմանացին թուրք է։ Հայաստանի ԱԱԾ-ն եւ նաեւ Արցախի ԱԱԾ-ն, որ այդ գործին պիտի լինեին, դա չեն նկատել»։
Ո՞ր տարիների մասին է խոսքը, ո՞վ է Աղվան Վարդանյանին նման տեղեկություն տրամադրել՝ այս հարցերով, իհարկե, պետք է պատկան մարմինները զբաղվեն։ Իսկ ահա Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը հակադարձում է, որ «Շուշիում կոնկրետ գերմանացի երբեք չի եղել», բայց նույն տեղում էլ ավելացնում․ «Իսկ առհասարակ այն, որ թուրքերը ուրիշների անվան տակ գնում-գալիս էին, մնում հյուրանոցում՝ տենց եղել է»։ Սկզբունքորեն ի՞նչ նշանակություն ունի՝ գերմանացո՞ւ անվան տակ էին թուրքերը Շուշի «գնում-գալիս, հյուրանոցում մնում, թե՞ մեկ այլ ազգի ներկայացուցչի»։
Արծվիկ Սարգսյանը փաստացի հաստատում է, որ թուրքերը Շուշի ելումուտ են ունեցել, ինչից ինքը տեղյակ է եղել։ Շուշիում մշտապես բնակվում էր ոչ ավելի, քան երեքուկես-չորս հազար հայ։ Քաղաքում բոլորն իրար ճանաչում էին։ Շուշին ոչ միայն համայնքի, այլեւ շրջանային վարչակազմի ղեկավարի նստավայրն էր, ուներ ոստիկանության, ԱԱԾ բաժիններ, դատախազություն, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության առանձնացված ստորաբաժանում, այնտեղ էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Այս պայմաններում թուրքերն ինչպե՞ս են «ուրիշի անվան տակ» գնացել-եկել, հյուրանոցում ապրել, շրջել քաղաքում, շփվել մարդկանց հետ, օգտվել ծառայություններից։ Կարելի է, իհարկե, ասել, որ ինչ էլ անես, որքան էլ քննես, վերլուծես, համադրես կամ հակադրես, ոչինչ չի փոխվելու։ Բայց երբ Շուշիի քաղաքապետը մամուլին ասում է, որ եթե վաղը թուրքերը Հայաստան մտնեն, առաջինը ցուցարարների նկատմամբ ուժ գործադրող ոստիկանները եւ նրանց ընտանիքներն են տուժելու, եւ դրա համար ինքը մասնակցում է «Դիմադրություն» շարժման հանրահավաքներին եւ եզրակացնում, որ «պետք է ամեն ինչ Հայաստանից ճիշտ կազմակերպվի, որ Արցախում էլ նորմալ լինի, եթե Արցախը չլինի, Հայաստանն էլ չի լինելու»՝ նկատի ունենալով Երեւանում եւ Ստեփանակերտում համաժամանակյա հանրահավաքների անցկացումը, ակամա ուզում ես հարցնել․ «Պարո՛ն Սարգսյան, ինչի՞ց եւ ումի՞ց եք բողոքում, եթե Շուշիի քաղաքապետ եք եղել, իմացել եք, որ թուրքերը ելումուտ են անում, հյուրանոցում ապրում, բայց չեք ահազանգել, պատկան մարմիններին չեք անհանգստացրել»։
Եթե Աղվան Վարդանյանը եւ Արծվիկ Սարգսյանն ասեին, որ գերմանացու կամ այլազգի մեկ ուրիշի անվան տակ թուրքերն սկսել են Շուշի ելումուտ անել 2018 թվականից հետո, պատկերացնել կարելի է, թե բողոքի եւ զայրույթի ի՜նչ ալիք կբարձրանար։ Շուշի թուրքերի ելումուտի կոնկրետ ժամանակ ո՛չ Աղվան Վարդանյանն է նշել, ո՛չ Արծվիկ Սարգսյանը։ Աղվան Վարդանյանի հայտարարությունը լսելուց մի քանի րոպե անց Ֆեյսբուքում կապվեցի մի քանի շուշեցիների հետ, փոխանցեցի տեսանյութի հղում։ Ոչ ոք առայսօր չի արձագանքել։ Լռություն է։ Հունիսի 1-ին նրանցից մեկը Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը «շնորհավորել էր» այսպես․ «Մեր օրն ընկնես, ունեցած-չունեցածդ կորցնես, մնացած կյանքդ ապրես մղկտալով»։
Շուշի թուրքերի ելումուտի մասին խոսակցությունները ժամանակին նա չի՞ լսել։ Շուշիում այդ մասին քանի՞ մարդ է իմացել։ Հյուրանոցը, որտեղ ապրել են ուրիշի անվան տակ ծպտված թուրքերը, անվտանգության ծառայություն չունե՞ր։ ԱԱԾ Շուշիի շրջանային բաժինը հյուրանոցները, հանգստյան գոտիները, ռեստորանները եւ սրճարանները, որտեղ պետք է որ հայտնված լինեին «զբոսաշրջիկ» թուրքերը, չի՞ վերահսկել։ Պարզվում է՝ ոչ, եթե, իհարկե, ավելի հեռու գնացող ենթադրություն չանենք։
Եվ այս համապատկերում ինչո՞վ է արդարացվում Շուշիի քաղաքապետի ներկայությունը «Դիմադրություն» շարժման երեւանյան հանրահավաքներին։ Ինչո՞վ է հիմնավորված նրա սպասումը, որ պետք է երեւանյան եւ ստեփանակերտյան բողոքները համատեղվեն՝ սա համարենք քաղաքականություն կամ քաղաքական դրամայի մի դրվագ, իսկ ո՞ւր է հանրային կարծիքը։
Շուշեցիները, ստեփանակերտցիները, Շուշիում իրենց զավակների պսակադրության երդում տված քաղաքական գործիչները եւ նրանց հարող շրջանակները ինչո՞ւ են շրջանցում տարիներ շարունակ Շուշիում թուրքերի ներկայության թեման։ Ինչո՞ւ չեն պահանջում, որ Աղվան Վարդանյանը եւ Արծվիկ Սարգսյանը լրիվ բացեն ունեցած տեղեկությունները, ինչո՞ւ Արցախի ԱԱԾ-ից բացատրություն չեն սպասում։ Շուշին այլեւս թեմա չէ՞։ Կամ Շուշին թեմա է, երբ պետք է Նիկոլ Փաշինյանի՞ն քննադատել կամ Արայիկ Հարությունյանին, ինչպես Աղվան Վարդանյանն է փորձել «հաճելին համատեղել օգտակարի հետ»։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։