ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Քարեն Դոնֆրիդը հունիսի 14-19-ը կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան` ընդգծելու համար ԱՄՆ հավատարմությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, ժողովրդավարության եւ բարեկեցության հաստատման գործին:
Ըստ պետքարտուղարության՝ տարածաշրջանի երեք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը նշելով` Դոնֆրիդը կընդգծի ԱՄՆ աջակցությունը այդ երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը` միաժամանակ շեշտելով ՀՀ, Վրաստանի եւ Ադրբեջանի իրավունքը` հարթելու սեփական ուղին:
Նա նաեւ ընդգծելու է ԱՄՆ պատրաստակամությունը՝ օգնելու կառուցել տեւական խաղաղություն Հարավային Կովկասում՝ աջակցելով քաղաքական, տնտեսական զարգացմանն ու ժողովուրդների միջեւ շփումներին ամբողջ տարածաշրջանում։
Դոնֆրիդը Հայաստանում կլինի հունիսի 18-ին, կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ այլ պաշտոնատար անձանց հետ: Պետքարտուղարի տեղակալը կհայտնի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական ջանքերին՝ հանուն տեւական խաղաղության:
Հայաստան կատարելիք այցից առաջ՝ հունիսի 15-16-ը, Դոնֆրիդը կլինի Ադրբեջանում, իսկ հունիսի 17-ին՝ Վրաստանում: Ադրբեջանում նա կհանդիպի նախագահ Իլհամ Ալիեւի եւ քաղհասարակության ներկայացուցիչների հետ, Վրաստանում` նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու եւ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ։