Գյումրու «Գալերի 25» պատկերասրահում անցած շաբաթ «Գրքարվեստ եւ կալիգրաֆիա» ամենամյա նախագիծն էր, որը բացվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ, ծնունդով գյումրեցի Արարատ Սարգսյանի «Արխետիպեր»-ի ցուցադրությամբ։
Հեղինակը կոտրել է ավանդական ձեւն ու ինքնարտահայտվել ոչ ստանդարտ նյութերով, մեթոդներով ու թեմաներով՝ ձեռակերտ թղթի վրա դրոշմելով հին աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդների գրերը՝ ասորական, ուրարտական, եգիպտական, մայաների…
«Գրքարվեստ եւ կալիգրաֆիա» նախագծի երկրորդ հանդիպման առանցքում հեքիաթն էր: «Տղա Դավթի եւ աղջիկ Խանդութի հեքիաթ» պատումը հանդիսատեսին ներկայացվեց ձեռագիր գրքով: Ներկաները տպավորիչ հանդիպում-վարպետաց դասի մասնակցեցին գրքի հեղինակ Արարատ Սարգսյանի եւ տեքստը Գյումրու բարբառի փոխադրած, բանաստեղծուհի Ռոզա Հովհաննիսյանի հետ:
Պատումը հայերեն, գերմաներեն, անգլերեն տպագրվել է 10 տարի առաջ, բայց դրա ստեղծման պատմությունը շուրջ հինգ տասնամյակների հեռվից է գալիս:
Արարատ Սարգսյանը հիշեց մանկությունը, թե ինչպես էր տատիկը պատմում Սասունցի Դավթի պատմությունը, իսկ ինքը դիմացի մութ պատի վրա մտոք տեսնում էր դրա բեմականացված տարբերակը:
Ձայնն ու պատկերը համադրելու վերջնական որոշում նկարիչը կայացրել է տարիներ անց Ժնեւի գրքի սալոնում։ «Մի վրան տեսա, մարդիկ հերթով՝ 10-10 մտնում ու կես ժամ անց դուրս էին գալիս: Մոտեցա, տեսնեմ՝ գրքի սալոնում, որտեղ տպագիր գիրք պետք է լիներ, բանավոր մշակույթ է փոխանցվում: Բեդուինը թափառող տեքստերով հեքիաթ է պատմում»:
Դրանից հետո նա ձեռքն է վերցնում Դավթի մասին 75 բանասացների աբեղյանական պատումներն ու ստանում մեր ճանաչած Դավթից տարբեր կերպար՝ ավելի անմիջական, սխալական ու պարզ:
Արվեստագետը տպագրության հնագույն օրինակով կավե 18 գլանակ է ստեղծել, որոնք, պտտվելով խոնավ կավի վրա, բանավոր խոսքին զուգահեռ պատկերների լեզվով հեքիաթ են պատմում: Իսկ գյումրեցի բանաստեղծուհի Ռոզա Հովհաննիսյանը մեծ վարպետությամբ Սասունցի Դավթին խոսեցրել է Գյումրու բարբառով:
Ստացված ոչ ստանդարտ գրքով Արարատ Սարգսյանը շրջել է ամբողջ աշխարհով՝ Ավստրիա, Գերմանիա, Շվեյցարիա, Իտալիա, Սինգապուր, Կորեա: «Ինչպես հին ժամանակներում ասացողներն էին գյուղից գյուղ գնում ու պատմում, այնպես էլ ես պտտվեցի աշխարհով ու պատմեցի մեր հեքիաթը»,- ասում է նկարիչը:
Գյումրիում Արարատ Սարգսյանի եւ Ռոզա Հովհաննիսյանի հետ «Տղա Դավթի եւ աղջիկ Խանդութի հեքիաթը» «պատմեցին» նաեւ 18 գլանակները, իսկ պատրաստի կավե նկարները որպես նվեր հանձնվեցին «Գալերի 25» պատկերասրահին:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։