Իմ համոզմամբ Ռուսաստանն առանց արյան եւ բռնության կկարողանար յուրացնել Ուկրաինայի արեւելյան եւ հարավային շրջանները, եթե իհարկե մի փոքր խոհեմ ու հեռատես գտնվեր։
Առնվազն 1996 թվականից հետո, երբ կոմունիստական ռեւանշն այլեւս անիրական էր թվում, Կրեմլը պետք է հատուկ քաղաքականություն մշակեր իր արեւմտյան թերեւս ամենաարժեքավոր հարեւանի նկատմամբ, որի ներգործությամբ 20-25 տարիների ընթացքում շոշափելի արդյունքներ կարձանագրվեին, եւ ռազմական միջամտությունը կդառնար անիմաստ։
Խոսքը երկարաժամկետ քաղաքականության եւ ռազմավարական համալիր գործողությունների մասին է, որոնց հիմքում անշուշտ պետք է դրված լիներ փափուկ ուժի (soft power) մեթոդաբանությունը։
Թերահավատորեն վերաբերվելով Ռուսաստանի ռազմական ներուժին՝ ես հավատում եմ այդ կայսրության մշակութային եւ քաղաքակրթական առաքելությանը։ Միգուցե պարզունակ հնչի, բայց դեռեւս տասնամյակներ առաջ նրանք կարող էին Ուկրաինայի արեւելյան եւ հարավային հատվածները ողողել հասարակական կազմակերպություններով եւ մշակութային կենտրոններով՝ փորձելով փիլիսոփայական գրականությամբ, ռուս-ուկրաինական ընդհանուր պատմությամբ եւ դրամաշնորհներով կլանել երիտասարդներին։
Չէ՞ որ Կիեւյան Ռուսիան ունիվերսալ այն նախասկիզբն է, որը միաժամանակ ե՛ւ ռուսներինն է, ե՛ւ ուկրաինացիներինը։ Մի՞թե չէին կարող Դանիլեւսկու եւ Սոլովյովի (19-րդ դարի փիլիսոփա) անվան կենտրոններ բացել, թրեյնինգներ ու սեմինարներ կազմակերպել՝ գաղափարական իրենց տիրույթում ներառելով բնակչության ակտիվ խմբերին։ Բայց ռուսներն ի սկզբանե գործեցին իրենց ամենակոպիտ եւ կործանարար սխալը, որն էր՝ քարոզչական տիրույթում Ուկրաինա վարչաքաղաքական միավորի գոյության հերքումը, ինչպես նաեւ ռուսների եւ ուկրաինացիների անհիմն նույնականացումը։
Ուկրաինան իր ազդեցության գոտում պահելու համար Մոսկվան պետք է ոչ թե ուկրաինացիներին ռուս դիտարկելու անիրական փորձեր աներ, այլ ստեղծեր քաղաքական ուկրաինացու ինքնաբավ տեսակ, որն իրեն մշակութային եւ գաղափարական ունիայի մեջ կզգար Ռուսաստանի հետ։ Միությունն այս կառուցակազմիկ տեսք կստանար եւ կամրապնդվեր տնտեսական ներդրումներով, ինչն իր հերթին կհանգեցներ կախվածության։
Չգոյության եւ նույնականացման քարոզչական թեզերը ժամանակի ընթացքում Ռուսաստանում դարձան տիրապետող մտածողություն, իսկ Ուկրաինայում՝ մտահոգության եւ վախի լրջագույն պատճառ։ Թերեւս հենց սա է կոնֆլիկտի ամենախորքային շարժառիթը, որի քարոզչական ներգործությամբ սաղմնավորվել եւ կառուցակազմիկ տեսք է ստացել Ռուսաստանն Ուկրաինայից տարանջատող պարիսպը։
Ասվածի համատեքստում ի հայտ է գալիս հետեւյալ տրամաբանական հարցադրումը․ ի՞նչ է արել Ռուսաստանը Ուկրաինային իրենից չվանելու եւ չհեռացնելու համար։ Թերեւս ոչինչ, ընդհակառակը՝ բացառել է հիմնախնդրի գաղափարական, քարոզչական եւ արժեքային կողմերը՝ շեշտը դնելով գազային շանտաժի ու ռազմական ահաբեկման գործիքների վրա, որոնք 21 -րդ դարում առնվազն անօգուտ եւ անպետք են թվում։
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանն այն աստիճան ապագաղափարականացվեց, որ այլեւս ոչինչ չուներ հարեւաններին տալու։ Այն փոխակերպվեց ծնվող-մահացող նյութական արժեքների արհեստական տարածության՝ երկրորդական պլան մղելով իր համամարդկային հոգեւոր եւ ունիվերսալ արժեքային զինանոցը։ Մոսկվայից դեպի Կիեւ արժեքային զարկերակի խցանումը երկու ժողովուրդների օտարման հիմնական պատճառներից է։
Ավելորդ չի լինի նկատել, որ ԽՍՀՄ-ը նույնիսկ իր տոտալիտար էությամբ մարդկությանն իրական այլընտրանք էր առաջարկում՝ ինչ-որ մի փուլում վայելելով մոլորակի տարբեր հատվածներում ապրող ինտելեկտուալների համակրանքը։ Համակիրներ եւ գաղափարական հետեւորդներ ուներ նույնիսկ այնպիսի զարգացած կապիտալիստական երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան եւ այլն։ Իսկ ի՞նչ է առաջարկում արդի Ռուսաստանը։ ԽՍՀՄ-ը մնացյալ աշխարհից մեկուսանում էր հանուն կոմունիզմի, Իրանը՝ հանուն շիական իսլամի։ Հանուն ինչի՞ է գործում 21-րդ դարի Ռուսաստանի Դաշնությունը։
Արժեքային այս խզումն անտեսելով՝ Մոսկվան առաջնորդվել է նաիվ այն կանխավարկածով, թե Ուկրաինան եւ ռուսախոս ուկրաինացիների մեծամասնությունը երբեք չեն հակադրվի իրեն, քանի որ իրենք մեծ հաշվով նույնն են։ Թերեւս հենց այս մոլորությունն է հատուկ գործողության հիմնական շարժառիթներից մեկը, քանի որ Կրեմլում կարծում էին, թե բնակչության գոնե մի մասը իրենց դիմավորելու է ծաղիկներով։ Բայց փոխարենը ռուսներն իրենց քթի տակ ստացան մի նոր ռուսատյաց «Լեհաստան», որի նույնիսկ ռուսախոս հատվածը ուկրաինացի դարձավ։
Իմ կարծիքով Ռուսաստանը պարտվել է դեռեւս տասնամյակներ առաջ, բայց ոչ թե ռազմաճակատում, այլ ուկրաինացիների սրտերի համար մղվող պայքարում։ Սովետական Միության եւ Ռուսական կայսրության պատրանքներով տարված Կրեմլն իր մշակութային անգործությամբ Ուկրաինային մեխանիկորեն համարել է իրենը, մինչդեռ նույն ժամանակ Արեւմուտքը հետեւողական քայլերով նվաճում էր մարդկանց մտածողությունն ու բանականությունը։
Պարտվելով ամենակարեւոր ճակատում՝ ռուսները ստիպված դիմեցին ռազմական միջամտության։ Ինչպես վերեւում նշեցինք, նրանք ակնկալում էին բնակչության ինչ-որ մի հատվածի աջակցությունը, բայց նաեւ հասկանում էին, որ այդ պատերազմում իրենք հաղթելու հնարավորություն չունեն։ Իմ համոզմամբ՝ Մոսկվան նույնիսկ այդպիսի նպատակ չի դրել իր առջեւ։
Հատուկ գործողությունը գիտակցական անձնազոհություն է, այսինքն՝ Ռուսաստանը նպատակ է դրել անդառնալի եւ կործանարար կորուստների գնով բացառել Ուկրաինայի վերջնական կորուստն ու անդամագրումը ՆԱՏՕ-ին ապագա մի քանի տասնամյաների համար։ Նա իր թուլացման, հյուծման եւ նույնիսկ ինքնաոչնչացման գնով պատրաստ է չեզոքացնելու բավականին զորեղ թշնամական Ուկրաինայի գոյության հնարավորությունը։ Թերեւս ուշացած եւ վերջին հույսի նմանվող մի ձեռնարկ, որը պարտություն է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի համար։
Ռուս-ուկրաինական բարդ փոխհարաբերությունների համատեքստում անհրաժեշտություն է ծագում դիտարկելու նաեւ Արեւմուտքի հայացքը Ուկրաինայի նկատմամբ եւ ժողովրդավարության դերն այդ կոնֆլիկտում։
Ռուսական քարոզչության կողմից Ուկրաինա պետության հերքման հանգամանքով է պայմանավորված Ուկրաինայի եւ ուկրաինացիների պաշտամունքային վերաբերմունքը ժողովրդավարության նկատմամբ։ Այսինքն՝ այդ երկրում ժողովրդավարությունը չի դիտարկվում զուտ որպես կառավարման համակարգ, այլ արդեն իսկ քաղաքական կրոնի կարգավիճակ ունի։ Մարդիկ ոչ թե ուզում են ժողովրդավարական հասարակարգ կառուցել, այլ ժողովրդավարությունն ընկալում են որպես մի կողմից Ռուսաստանին հակադրվելու գործիք, մյուս կողմից՝ իրենց գոյությունը երաշխավորող գաղափարախոսություն։ Այս իրականությունից է ծնվել քարոզչական անհեթեթ այն թեզը, որի համաձայն՝ ուկրաինացիները կռվում եւ զոհվում են հանուն ժողովրդավարության։
Ասվածի համատեքստում անհրաժեշտ է նկատել, որ քաղաքական եւ մշակութային այս հակադրության մեջ դրսեւորվում է ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի գաղափարական ու քարոզչական անգերազանցելի գերակայությունը, ինչու չէ նաեւ հասունությունը Ռուսաստանի հետ համեմատած։ Նրանք հետեւողական աշխատանքով եւ ռազմավարական մտածողությամբ կարողացան օգտվել սլավոնական երկու երկրների գոյաբանական անտագոնիզմից եւ Ուկրաինական պատերազմին քաղաքակրթական, արժեքային բնույթ հաղորդել։ Նրանք հստակ ցույց տվեցին, որ ոչ մի զինատեսակ չի կարող գրավել մարդկային սրտերն ու հոգիները, որոնք խցանված են Արեւմուտքի փափուկ ուժի քարոզչական ներգործությամբ։
Գերտերությունների միջեւ մղվող քարոզչական դիմակայությունն իհարկե օրինաչափ երեւույթ է, եւ այստեղ արտասովոր ոչինչ չկա։ Խնդիրն արժեքների ձեւախեղումը եւ արժեզրկումն է, ինչը լրջագույն սպառնալիք է «Երրորդ աշխարհի» եւ հատկապես հետխորհրդային երկրների համար։
Փաստացի գործ ունենք ժողովրդավարության երկու տարբեր դրսեւորումների հետ։ Առաջինը զուտ ամերիկյան եւ եվրոպական ներքին ժողովրդավարությունն է, որը հարյուրամյակներով արմատավորված եւ կայացած կառավարման համակարգ է։ Երկրորդը ժողովրդավարություն կոչվող քաղաքական կրոնն է, որն, աշխարհաքաղաքական եւ իմպերիալիստական շահերից ելնելով, արտահանվում է դեպի Երրորդ աշխարհ՝ Ուկրաինա, Վրաստան, Հայաստան եւ այլն։ Այսինքն՝ Երրորդ աշխարհի երկրները ոչ թե իրական ժողովրդավարություն են ստանում, այլ դրա պատրանքը։
Թերեւս հենց այս հանգամանքով է բացատրվում տարածվող այն մոլորությունը, թե պետությունները ստիպված են հանուն ժողովրդավարության եւ արժեքների զրկանքներ ու կորուստներ կրել։ Իսկ ո՞վ է ասել, թե դա պարտադիր պայման է, ինչո՞ւ պետք է ուկրաինացիները հանուն դրա տառապեն եւ սպանվեն։ Բնականաբար պետությունների ժողովրդավարացման գործընթացն ամենեւին էլ համանման պահանջներ չի ենթադրում, եւ Ռուսաստանն էլ ժողովորդավարության դեմ չէ, որ պատերազմում է։
Արեւմուտքից արտահանվող ժողովրդավարությունն ամենեւին էլ խնդիր չի դնում արդիականացնելու եւ բարեփոխելու Երրորդ աշխարհի երկրները, պարզապես դա աշխարհաքաղաքական շահերի հետ միահյուսված իմպերիալիստական գաղափարախոսություն է, որն անպայման պետք է ուղղվի Ռուսաստանի դեմ։ Հետեւում է, որ Ուկրաինան կարող էր ժողովրդավարական լինել նաեւ առանց Մոսկվայի հետ բախման, եթե իհարկե ժողովրդավարության գոյությունը չառկախվեր ՆԱՏՕ-ի հեռահար հրթիռներով եւ դեպի արեւելք տարածվելու ռազմավարական ծրագրով։
Հենց այս առկախման համատեքստում արդեն էական էլ չէ, թե ինչ կարգավիճակում կլինեն Երրորդ աշխարհի պետությունները՝ Ուկրաինան, Հայաստանը , Վրաստանը, գոյություն կունենա՞ն, թե՞ ոչ, կարեւորը զեկույցներում արձանագրվի, որ դրանք ժողովրդավարական են եւ ծառայեցվել են բուն նպատակին, այն է՝ ինքնազոհաբերվել են հանուն մեծ գաղափարների։ Բոլորովին վերջերս Իրաքն ու Աֆղանստանն էլ էին ժողովրդավարական հորջորջվում, չէ՞։
Վերջաբանի փոխարեն արձանագրենք հետեւյալ եզրահանգումնեը․ ա) տարիների ընթացքում Ռուսաստանը ոչինչ չի արել թշնամական Ուկրաինայի գոյությունը կանխելու համար, ընդհակառակը՝ հրահրել է՝ զոհաբերելով ե՛ւ իրեն, ե՛ւ Ուկրաինային, բ) հակառակ սրա՝ Արեւմուտքն, առաջնորդվելով իմպերիալիստական իր շահերով, տասնամյակներ շարունակ Ռուսաստանի քթի տակ թշնամական մի նոր Լեհաստան է սաղմնավորել, որը նույնիսկ ինքնաոչնչացման եւ մասնատման գնով պետք է կապանքների մեջ պահի Կրեմլին։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։