ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ 2021-ին հարկային եկամուտները 1 տրիլիոն 587 միլիարդ դրամ են կամ ՀՆԱ-ի 22.7%-ը: Դրանք 2020-ի նկատմամբ բարելավվել են 0.3 տոկոսային կետով:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2022-ի 5 ամիսների ամփոփված հարկային եկամուտների եւ պետական տուրքերի փաստացի ցուցանիշը 762 միլիարդ դրամ է, ինչը 23.2%-ով ավելի է 2021-ի 5 ամիսների նկատմամբ:
Նախարարն ընդգծել է, որ հարկային եկամուտների վրա դրական են ազդել մետաղական խտանյութերի արտահանման պետական տուրքի գումարները: Դրանք կիրառվել են 2021-ի սեպտեմբերից եւ կազմել 24.6 միլիարդ դրամ։
«Տեղեկացնեմ նաեւ, որ հունիսի 10-ի դրությամբ այս մասով մենք ունենք 34.6 միլիարդ դրամ»,- ասել է Տիգրան Խաչատրյանը: