Թենիսի Հայաստանի կանանց ազգային հավաքականին չի հաջողվել հաղթահարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկության եվրո-աֆրիկյան 3-րդ գոտու արգելքը:
Չեռնոգորիայի Ուլչինչ քաղաքում անցկացված մրցաշարում մեր թիմն իր խմբում նախ 2։1 հաշվով հաղթել է Մավրիկիոսի ընտրանուն, ապա պարտվել Մոլդովայի (1։2) եւ Մարոկկոյի (0։2) հավաքականներին։
Երեք խմբերում 3-րդ տեղերը գրաված թիմերն այնուհետեւ վիճարկել են 7-9-րդ հորիզոնականները: Հայաստանի հավաքականը վիճակահանությամբ բաց է թողել առաջին խաղը, իսկ հետո 2:1 հաշվով հաղթել է Գանայի ընտրանուն եւ գրավել 7-րդ տեղը:
Մրցաշարին մասնակցել են 11 երկրների հավաքականներ: Առաջին տեղը զբաղեցրել է Բոսնիա եւ Հերցեգովինայի ընտրանին, որը եզրափակիչում հաղթել է Մարոկկոյին` 2:0, եւ նվաճել 2-րդ գոտու միակ ուղեգիրը։