Թուրքական իշխանամետ «Sabah» պարբերականի տեղեկություններով՝ ամերիկացի զինվորները եւ քուրդ զինյալները պարեկապահակային ծառայություն են սկսել Սիրիայի հյուսիսային այն հինգ շրջաններում, որտեղ Թուրքիան նախատեսում է ռազմական գործողություն իրականացնել: Էրդողանի խոսափող համարվող վերոհիշյալ լրատվամիջոցն այս ամենը որակում է որպես ամերիկյան աջակցություն քրդական ուժերին:
Միաժամանակ նշվում է, որ Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակ» (ՍԱԲ) զինված խմբավորման անդամները նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում հնարավոր ռազմական գործողությունից առաջ:
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընն ավելի վաղ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ Թուրքիայի հնարավոր նոր ռազմական գործողության վերաբերյալ հայտարարել է, որ նոր գործողություն սկսելու համար Թուրքիան ոչ մեկի թույլտվության կարիքը չունի:
Մայիսի վերջին Թուրքիայի նախագահը, խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին, քրդական ուժերին մեղադրել էր Թուրքիայի տարածքը Սիրիայից թիրախավորելու համար: