«Այսօր հավաքվել ենք, քանի որ Աշոտ Աղաբաբյան գրողի գրքերը մեր դարակի վրա չեն մնում, ձեռքից ձեռք են փոխանցվում»։ Շիրակի մարզային գրադարանում հանդիպեցին սիրված գրող Աշոտ Աղաբաբյանն ու ընթերցողը։
«Մենակը», «Թակարդը», «Ռեզիդենտը» եւ այլ վեպերի հեղինակ Աշոտ Աղաբաբյանը Գյումրիում հանդիպման այս ձեւաչափով առաջին անգամ էր։
«Խոսքի վարպետ չեմ, ինձ փնտրեք իմ գրքերում»,- ասաց Աշոտ Աղաբաբյանը։ Անկեղծացավ՝ երբ տեսնում է փողոցով մեկը քայլում է՝ թեւի տակ տանելով իր գիրքը, դա է իրեն օգնում ստեղծագործելիս։ «Պետական կոչումները զանգուլակներ են, որոնք երբեք քեզ չեն օգնում գիրք գրելիս»։ Ասում է՝ զերծ է մնում երկար նկարագրություններից, գրում է հակիրճ։ Կատակով հավելում է․ «Ինչքան սեղմ եմ գրում, էլի վեպ է ստացվում»։
«Վեպ գրելը դյուրին չէ, Աշոտ Աղաբաբյանի պես գրելը՝ առավել եւս։ Նա գիտի ինչպես գրել, որ ընթերցողը մնա լարված հետաքրքրության մեջ»,- ասաց հանդիպմանը ներկա գրականագետ, դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը։
Որ ընթերոցղը լավ գիտի «Թակարդը» վեպի հերոս, հետախույզ, Ղարաբաղի պատերազմի մասնակիցներից մեկին՝ Ջոն Հաննիսյանին, փաստեցին ներկաները։ Բայց որ գրքի հերոսին կտեսնեին հեղինակի կողքին նստած, անակնկալ էր գյումրեցի ընթերցասերի համար։
«Աշոտն ազնվագույն մարդ է, հոգեբան ու փիլիսոփա։ Կարողանում է քեզ ճանապարհել այնպես, որ վաղը գաս։ Նա կարողանում է լսել քեզ»,- ասաց Ջոն Հաննիսյանը, նույն ինքը՝ Ջոհան Հովհաննիսյանը։
Հարց ու պատասխանով, հաճելի քննարկումներով ու բացահայտումներով լի հանդիպման ավարտին գյումրեցի ընթերցողն իր սիրելի գրողին ճանապարհեց պայմանով, որ էլի է գալու։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։