Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի՝ SIPRI-ի տնօրեն Դեն Սմիթը հայտարարել է, որ թեեւ վերջին տարում միջուկային սպառազինությունների վերահսկման եւ միջուկային զինաթափման ոլորտում զգալի առաջընթաց է գրանցվել, այդուհանդերձ, «սառը պատերազմից» ի վեր աշխարհում միջուկային զենքի կիրառման սպառնալիքը ներկայում ամենաբարձրն է։
Աշխարհում սպառազինության վիճակի մասին կազմակերպության ամենամյա զեկույցի համաձայն՝ ինը միջուկային գերտերությունները շարունակում են արդիականացնել իրենց միջուկային զինանոցները: «Ու թեեւ 2021-ի հունվարից մինչեւ 2022-ի հունվար ընկած ժամանակահատվածում միջուկային զենքերի ընդհանուր թիվը փոքր-ինչ նվազել է, ամենայն հավանականությամբ հաջորդ տասնամյակում այն կրկին կաճի»:
2022-ի առաջին ամիսների դրությամբ 12705 մարտագլխիկներից մոտ 9440-ը ռազմական պահեստներում էին՝ հնարավոր օգտագործման համար։ Դրանցից մոտ 2 հազար միավոր, որոնք պատկանում են Ռուսաստանին կամ ԱՄՆ-ին, բարձր պատրաստության վիճակում էին:
Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի տվյալներով՝ հունիսի 11-ի դրությամբ Ռուսաստանի սպառազինությունում 5977 միջուկային մարտագլխիկ կա, որոնցից բարձր պատրաստության վիճակում են 1588-ը: Միացյալ Նահանգների սպառազինությունում ներկայում կա 5428 միավոր միջուկային մարտագլխիկ, որոնցից բարձր պատրաստության վիճակում են 1744-ը:
Չինաստանի սպառազինությունում 350 մարտագլխիկ կա, Ֆրանսիայի սպառազինությունում՝ 290-ը, որոնցից բարձր պատրաստության վիճակում են 280-ը: Մեծ Բրիտանիայի սպառազինությունում կա 225 միջուկային մարտագլխիկ, որոնցից բարձր պատրաստության վիճակում են 120-ը: Պակիստանն իր սպառազինությունում ունի 165, Հնդկաստանը՝ 160, Իսրայելը՝ 90, եւ Հյուսիսային Կորեան՝ 20 միջուկային մարտագլխիկներ: