ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնել են, որ Սեւանա լիճ մանրաձուկ է բաց թողնվել: Մասնավորապես, Ծակքար եւ Կարճաղբյուր գետերում բաց է թողնվել 5,8 գրամ միջին քաշով ավելի քան 15 հազար ամառային իշխանի եւ 1,1 գրամ միջին չափով 150 հազար գեղարքունի իշխանի մանրաձուկ:
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների եւ «Սեւան» ազգային պարկի ներկայացուցիչները մարզում մասնակցել են մանրաձկան հերթական խմբաքանակի բացթողնման աշխատանքներին:
Մանրաձկան բացթողնման աշխատանքներից առաջ փոխնախարարը շրջել է Կարճաղբյուրի մանրաձկան գործարանի տարածքում, ծանոթացել առկա հզորություններին եւ հիմնադրամի ներկայացուցիչների եւ ոլորտի մասնագետների հետ քննարկել ձկնապաշարների վերականգնմանը վերաբերող հարցեր։
Մանրաձկան բացթողումը պարբերական բնույթ ունի։ Բացթողման նպատակն է վերականգնել Սեւանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սեւանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։