Ռուսաստանի ԱԳՆ-ի եվրոպական առաջին դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պարամոնովը հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Վատիկանի միջնորդական ջանքերն Ուկրաինայի հակամարտության հարցում, ազնիվ եւ վստահելի երկխոսություն է պահպանում մի շարք թեմաների շուրջ:
Ըստ Պարամոնովի՝ Վատիկանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է հնարավոր ցանկացած աջակցություն ցուցաբերելու խաղաղության եւ Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հասնելու համար: Ռուս դիվանագետը նշել է, որ այդ հայտարարությունները գործնականում հաստատում են գտնում:
«Պաշտպանում ենք անկեղծ ու վստահելի երկխոսությունը մի շարք հարցերի շուրջ, որոնք ամենից առաջ վերաբերում են Ուկրաինայի հումանիտար իրադրությանը»,- ասել է նա:
Պարամոնովը նաեւ ընդգծել է, որ Սուրբ աթոռի եւ Ֆրանցիսկոս պապի բոլոր նախաձեռնությունները կարող են խաղաղության հանգեցնել Եվրոպայում: Նա հավելել է, որ Վատիկանի նախաձեռնությունները համապատասխան նախապայման առաջանալու դեպքում միանշանակ պահանջված կլինեն:
Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը դեռ ապրիլի վերջին La Stampa պարբերականին տված հարցազրույցում հայտնել էր, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտադիր է առաքելական այց կատարել Ուկրաինա, սակայն ներկա իրավիճակում նման այցը իմաստ չի ունենա: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Հռոմի պապը պատրաստ է անելու ամեն ինչ հանուն Ուկրաինայի հակամարտության շուտափույթ ավարտի: