Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը «Բակինսկի ռաբոչի» պարբերականին տված հարցազրուցում ասել է, որ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Ռուս դիվանագետը համոզմունք է հայտնել, որ Մոսկվայի միջնորդությամբ հենց 2020-ի նոյեմբերի 9/10-ը Երեւանի եւ Բաքվի ընդունած եռակողմ հայտարարություններն են կարգավորման գործընթացի ողնաշարը։ Բոչարնիկովը հավելել է, որ կարգավորման գործընթացը դեռ չի հասել ավարտին։ Ավելին՝ իր սկզբնական փուլում է:
Բաքվում ՌԴ դեսպանը նշել է, որ նկատվում է Ռուսաստանից նախաձեռնությունը խլելու եւ այդ բոլոր ոլորտներում առաջընթացն իրեն վերագրելու Եվրամիության ցանկությունը: Բոչարնիկովը նաեւ պնդել է, որ Բրյուսելը չի հիշատակում ո՛չ եռակողմ այդ հայտարարությունները, ո՛չ էլ գործընթացում Ռուսաստանի դերը։
Ըստ Ադրբեջանում ՌԴ դեսպանի՝ Եվրամիությունը կարող է օգուտ բերել գործընթացին, եթե ստանձնի տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված նախագծերի ֆինանսավորումը։