Ըստ Իրանում Հայաստանի դեսպանության՝ ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հանդիպել է ԻԻՀ գիտության, հետազոտության եւ տեխնոլոգիաների նախարարի միջազգային հարցերով տեղակալ, Միջազգային գիտական համագործակցության կենտրոնի ղեկավար դոկտոր Վահիդ Հադադի Ասլի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ուսանողների եւ տեխնոլոգիաների փոխանակմանը, ինչպես նաեւ գիտատեխնոլոգիական պարկերի միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր։
Կողմերն անդրադարձել են Իրանի գիտության նախարարության պատվիրակության Երեւան գործուղմանը, ինչպես նաեւ քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում տեղեկատվության փոխանակմանը եւ համատեղ հետազոտական կենտրոնների ստեղծմանը վերաբերող հարցեր:
Հանդիպման ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպանը հայտնել է իրանական կողմի առաջարկած ժամկետում իր երկրի գիտության նախարարի՝ Թեհրան այցելելու պատրաստակամության մասին:
Հայաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ Հադդադի Ասլը պատրաստակամություն է հայտնել բարեկամ, հատկապես հարեւան երկրների հետ գիտական ու տեխնոլոգիական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու եւ երկուստեք հարաբերությունների մակարդակը բարձրացնելու համար: