Այսօր աշխարհը գտնվում է ճակատագրական փոփոխությունների ընթացքում. փոխվում է բառացիորեն ամեն ինչ: Մարդկանց մեջ առաջանում են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխաններն անգամ չգիտեն, թե որտեղ փնտրել: Մարդը չի կարողանում քայլ անել, քանի որ անհետացել են սովորական դարձած նախկին հենարանները։ Նա կորցնում է ինքն իրեն:
Համաձայն որոշ աղբյուրների՝ աշխարհում դեպրեսիայով տառապող մարդկանց թիվը մոտենում է երեք հարյուր միլիոնին, տարեկան տեղի են ունենում ութ հարյուր հազարից ավելի ինքնասպանություններ։ Այս թիվը շատ ավելի մեծ է, քան պատերազմներում զոհվածներինն ու սպանությունների հետեւանքով մահացածներինը։
Իրականությունն այսպիսին է. մարդը չի կարողանում գտնել ինքն իրեն, իր գոյության իմաստը։ Կտրվել է մարդու կապը իր Բարձր Ես-ի հետ։ Մեծատառով եմ գրում «Ես» բառը, քանի որ նկատի չունեմ այն, ինչ մենք սովորաբար հասկանում ենք «ես» ասելով, այլ այն աստվածայինը, որի մասին ավետարաններում ասված է՝ «Ես ասացի, թե դուք աստվածներ եք»։
Ես համոզված եմ, որ այս հոգեւոր ճգնաժամը հաղթահարելու ճանապարհը ինքնաճանաչողությունն է:
«Ճանաչի՛ր ինքդ քեզ»
Այս խոսքերը անտիկ ժամանակներից մինչեւ մեր օրերը ոգեշնչել են բազմաթիվ փիլիսոփաների եւ պոետների։ Դրանք փորագրված են եղել Դելֆիում գտնվող Ապոլոնի տաճարի պատին: Որոշակի իմաստով կարող ենք պնդել՝ «Ճանաչի՛ր ինքդ քեզ» ասույթը մեր քաղաքակրթության հիմնաքարերից է:
Ըստ որոշ պնդումների՝ այս խոսքերի հեղինակը Հին Հունաստանի յոթ իմաստուններն են: Նրանք բոլորը միասին այս խոսքերը նվիրել են Ապոլոնին: Ըստ ավանդության՝ Սոկրատեսը երիտասարդ տարիքում այցելել է Դելֆյան տաճար եւ ազդվել այս գրությունից: Նրա փիլիսոփայությունը, դրա հետ միասին ողջ եվրոպական քաղաքակրթությունը ներծծված է այս ասույթով։ Այս խոսքերում է նաեւ մեր ժամանակներին բնորոշ հոգեւոր դժվարությունների հաղթահարման բանալին։
Ինչի՞ց սկսել
Ինքնաճանաչողության եւ հոգեկան առողջության հասնելու ճանապարհին ես չգիտեմ ավելի օգտակար գործիք, քան գրելը։
Երբ նստում եւ գրում ենք մեր մտքերը, ֆիքսում ցանկությունները, ներքին մղումները, տեղի է ունենում հրաշքի պես մի բան։ Մենք փոխվում ենք. սկսվում է ինքնաճանաչողության ճանապարհը։
Ամենապարզ սկիզբը հետեւյալն է՝ գտնել հարմար պահ, վերցնել մաքուր թուղթ եւ գրիչ, գրել ձեզ հուզող հարցը եւ հետո շարադրել այն ամենը, ինչ անցնում է մտքով՝ ի պատասխան գրված հարցի։ Դուք ազատ եք՝ գրելու ցանկացած միտք։ Այսքանը բավական է:
Փորձե՛ք եւ կհամոզվեք, թե որքան օգտակար է գրելը։ Առավել օգտակար է ամեն օր գրելը։ Եթե նախկինում երբեւէ չեք գրել, հոգ մի՛ արեք։ Հետեւյալ փոքրիկ խորհուրդները կարող են օգնել այդ գործում։ Գնացե՛ք.
- գրախանութ եւ գնե՛ք ձեր աչքին հաճելի նոթատետր ու լավ գրող գրիչներ։ Հիմա ընտրությունը մեծ է։ Ես, օրինակ, գերադասում եմ գրել այնպիսի տետրերում, որ այն, ինչ գրում եմ, կարողանամ տեղավորել մեկ-երկու էջում։ Կարեւոր է, որ տետրն ու գրիչները ձեր սրտով լինեն.
- ընտրե՛ք, թե որտեղ եք գրում։ Կարող եք գրել տանը՝ հյուրասենյակում կամ ննջարանում։ Կարելի է գրել նաեւ որեւէ սրճարանում կամ այգում։ Կարեւոր է, որ տեղը լինի հարմարավետ, դրական էմոցիաներ փոխանցող եւ հանգիստ, չլինեն խանգարող հանգամանքներ, որպեսզի կարողանաք այդ րոպեները լիովին հատկացնել ձեզ։
- Հետեւե՛ք, որ ձեր օրագրերը պատահաբար ուրիշները չկարդան։ Հիշե՛ք, դուք գրում եք միայն ձեզ համար։ Սա կարեւոր է։ Եթե կասկած կա, որ ձեր գրածները կարող է կարդալ ուրիշը, դուք չեք լինի բավականաչափ ազնիվ։ Իսկ ինքներդ ձեզ հետ ազնիվ լինելը առաջընթացի կարեւոր պայման է։ Որոշե՛ք, թե ամեն անգամ որքան եք գրելու։ Սահմանափակումները կարեւոր են։ Կարելի է սահմանափակել ժամանակով, օրինակ՝ գրել 15 կամ 20 րոպե։ Կարելի է սահմանափակել նաեւ էջերի քանակը, օրինակ՝ երկու կամ երեք էջ։
Սկզբի համար այսքանը լիուլի բավարար է։
Գրե՛ք ամեն օր
Էական արդյունքներ ստանալու համար անհրաժեշտ է, որ գրելը դառնա սովորություն։ Սկսե՛ք գրել ամեն օր, ցանկալի է՝ նույն ժամին։ Սովորաբար ես գրում եմ առավոտները։ Եթե հանգամանքների բերումով որեւէ առավոտ չեմ գրում, օրվա ընթացքում զգում եմ, որ կարեւոր մի բան պակասում է։ Առավոտյան գրելն ինձ օգնում է արթնանալու, կենտրոնանալու ինձ համար էական հարցերի վրա, ձեւակերպելու անելիք գործերը։ Իսկ ամենակարեւորը՝ կարծես դրական իմպուլս է հաղորդում իմ ողջ օրվան։
Հայտնի է, որ սովորությունները փոխելը, առավել եւս՝ նոր սովորություններ ստեղծելը, բավականին բարդ գործ է եւ պահանջում է ամենօրյա ջանք։ Մասնագետները պնդում են, որ նոր սովորություն հիմնավորելու համար պահանջվում է միջինում երկու ամիս։ Թող այսպիսի թվերը չվախեցնեն ձեզ։ Կարեւորը սկսելն է։ Սկսե՛ք եւ կտեսնեք, որ գնալով ավելի ու ավելի հեշտ է լինելու գրելը, քանի որ այդ պրոցեսից ստանալու եք դրական լիցքեր։
Ինչի՞ մասին գրել
«Ինչի մասին գրելը» ամենաբարդ հարցն է։ Այն կախված է գրողի հոգեկան կերտվածքից, իրավիճակից, նրա առջեւ դրված խնդիրներից եւ, առավել եւս, հանգամանքներից, որոնցում գտնվում է գրողը։ Բայց այս ամենօրյա գրություններն ունեն մի շատ կարեւոր հատկություն՝ դրանք ինքնակարգավորվում են, օր օրի փոխվում են եւ գնալով ավելի ու ավելի են համապատասխանում գրողի հոգեկան պահանջներին։
Համացանցում կարելի է գտնել բազմաթիվ գրքեր եւ հոդվածներ գրելու հնարավոր կերպերի մասին։ Առաջարկվում են օրագրեր վարելու բազմաթիվ տարբերակներ։ Թվարկեմ դրանցից մի քանիսը։
- Գոհության տետրեր։ Այստեղ ամեն օր գրում ենք այն ամենի մասին, ինչն առաջացրել է մեր մեջ շնորհակալության, երախտագիտության զգացողություն։ Դա կարող է լինել գեղեցիկ լուսաբացը, փողոցով անցնող երեխայի քայլվածքը, մեր գոյության փաստը, ընկալած որեւէ էական միտք։ Ու երբ փնտրում եւ արձանագրում ենք այդ պահերը, դրանք ավելի գործուն են դառնում։ Օր օրի ավելի նկատելի է լինում այս գրությունների ներդաշնակող ազդեցությունը։ Հայտնի է՝ երջանկության հասնելու լավագույն ճանապարհներից մեկը շնորհակալ լինելն է։
- Ազատ գրություններ։ Այս պարագայում գրում ենք այն ամենը, ինչ անցնում է մեր մտքով, առանց կանգ առնելու եւ առանց խմբագրելու։ Եթե մի պահ չեք կողմնորոշվում, թե ինչ գրել, գրեք ձեր գրած վերջին բառը կամ միտքը, միայն թե կանգ մի՛ առեք։ Գրե՛ք այնքան, մինչեւ կլրանա ձեր սահմանած ժամանակը կամ էջերի քանակը։ Հենց լրացավ, կա՛նգ առեք։ Այսպիսի գրությունները կամաց-կամաց մաքրվում են խառնաշփոթ մտքերից, եւ մեկ-երկու էջ հետո սկսում եք գրել ամենակարեւորի մասին։ Կնկատեք, որ հայտնվում են ձեր փնտրած էական հարցերի պատասխանները։ Գրելու պրոցեսը կնմանվի հրաշքի։ Մի կարճ ժամանակ հետո զարմանալու եք, թե որտեղից են հայտնվում լուծումներ առաջարկող մտքերը։
- Իմաստ փնտրելու գրություններ։ Այս պարագայում խորհուրդ է տրվում օրը մեկ կամ երկու անգամ տասից տասնհինգ րոպե գրել պատահած որեւէ դեպքի մասին։ Նախ նկարագրում եք կատարվածը, հետո՝ ջանում գտնել իմաստ այդ դիպվածում։ Կարելի է ավարտել խորհուրդներով, կատարված հետեւություններով։ Գրե՛ք այնպես, ասես խորհուրդ եք տալիս ձեզ համար թանկ մեկին, ում դուք իրոք շատ եք սիրում։ Սա կօգնի մեզ երեւույթներում տեսնելու դրանց իմաստը։ Երբ այն սովորություն դառնա, կյանքն էականորեն փոխվելու է։ Իմաստը հասկացողին են կոչում իմաստուն։
- Առավոտյան գրություններ։ Ինչպես անունն է հուշում, այսպիսի գրությունները գրում են առավոտները՝ հնարավորինս արթնանալուց անմիջապես հետո։ Այս մեթոդիկան առաջարկել է Ջուլիա Քեմերոնը։ Նա «Արվեստագետի ճանապարհը» գրքի հեղինակն է։ Այս գրքի մասին հետաքրքիր է արտահայտվել Արմինե Հակոբյանն իր ֆեյսբուքյան գրառումում։
- Աղոթամատյաններ։ Ինչպես անունն է հուշում, նման գրություններով մարդը դիմում է իր Աստծուն, բացում Նրա առաջ իր սրտի թաքուն ցանկություններն ու ներքին մղումները։ Նման գրությունները լավագույնս օգնում են մարդուն անցնելու ինքնաճանաչողության արահետներով, տեսնելու իր ներսում եղած ե՛ւ լուսավորը, ե՛ւ մութն ու խավարը։ Եթե մեկը չի հավատում Աստծուն, կարող է դիմել տիեզերական բանականությանը կամ իր Բարձր Ես-ին։
Ես առաջարկում եմ սկսել ազատ գրություններից։
Եթե թեման հետաքրքրեց, եւ ցանկանում եք իմանալ ավելին, դիմե՛ք։ Ես կարող եմ ձեզ տրամադրել թեմային առնչվող բազմաթիվ ինտերնետային հղումներ եւ էլեկտրոնային գրքեր։
Սկսե՛ք եւ կհամոզվեք, որ գրելը լավագույն գործիքներից մեկն է ինքնաճանաչողության ճանապարհին։ Ցանկացած իրավիճակում այն կարող է օգնել մեզ գտնելու լավագույն լուծումները եւ իրականացնելու դրանք։ Մի խոսքով՝ այն ամեն ձեւով օգտակար է։
Փնտրե՛ք համացանցում եւ կգտնեք բազմաթիվ վկայություններ, թե ինչպես են գրելու տարբեր պրակտիկաները օգնել մարդկանց հաղթահարելու դեպրեսիաները, դուրս գալու ճգնաժամերից, գտնելու լուծումներ անլուծելի թվացող իրավիճակներում, հասնելու հաջողությունների հնարավոր բոլոր ոլորտներում՝ քաղաքականությունում, սպորտում, անձնական կյանքում, մարդկային փոխհարաբերություններում, բիզնեսում․․․
Մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Աշխատում է ՏՏ ոլորտում ծրագրավորող։ Հետաքրքրությունների շրջանակը՝ մարդ, հոգեւոր գիտելիք, հոգեբանություն, փիլիսոփայություն։