Ամերիկյան The Hill պարբերականը գրում է, որ Նիկարագուայի հետ հարաբերություններում Ռուսաստանի ռազմավարությունն անակնկալ էր Միացյալ Նահանգների համար։
Ավելի վաղ Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան մարդասիրական նպատակներով թույլատրել էր երկրում օտարերկրյա զինվորականների, այդ թվում՝ Ռուսաստանի, Վենեսուելայի, Հոնդուրասի, Գվատեմալայի, Կուբայի, Դոմինիկյան Հանրապետության, Մեքսիկայի, Սալվադորի եւ ԱՄՆ զորքերի ժամանակավոր ներկայությունը։
Խոսքը ոչ միայն ցամաքային զորքերի, այլեւ ռազմանավերի ու ինքնաթիռների ժամանակավոր տեղակայման մասին է։ Սա կարող է լինել ռուսական զորքերի առաջին նշանակալից հայտնվելը Կենտրոնական Ամերիկայում։
Ըստ պարբերականի՝ եթե Ռուսաստանը ռազմանավեր ուղարկի Նիկարագուա, կողմերը հավանաբար ապագայում ռուսական նավատորմի մշտական հիմունքներով տեղակայման մասին համաձայնագիր կկնքեն, ինչը կհանգեցնի նրան, որ Մոսկվան Կենտրոնական Ամերիկայում կունենա ռազմածովային բազաներ։
Պարբերականը նշում է, որ Լատինական Ամերիկայի երկրների հետ ընդհանուր լեզու գտնելը դժվարացել է, քանի որ այդ պետությունները գնալով ավելի մեծ նշանակություն են ձեռք բերում մեծ տերությունների պայքարի պայմաններում, ուստի ելքը համարում է նրանց նկատմամբ Միացյալ Նահանգների մոտեցումների վերաիմաստավորումը: