«Դիմադրություն» շարժումը գնալով մարում է: Սրանում համոզվելու համար բավական է հետեւել ընդդիմության վերջին միջոցառումներին, որոնք հետզհետե ավելի սակավամարդ էին դառնում, իսկ վերջին օրերին արդեն նախկին էնտուզիազմով չեն անցկացվում: Ճիշտ է՝ Ֆրանսիայի հրապարակը շարունակում է փակ մնալ, այնտեղ ընդդիմության վրանները դեռ տեղադրված են, եւ «Դիմադրություն» շարժումը փորձում է այդ դատարկությունը լցնել համերգներով ու նման այլ միջոցառումներով:
Ակնհայտ է՝ սա երկար չի կարող շարունակվել: Ստեղծված իրավիճակում ընդդիմադիր ճամբարին այլ բան չի մնում, քան «պայքարի ռազմավարությունը» փոխելու անվան տակ նահանջելն ու ակցիաները դադարեցնելը:
Միաժամանակ, հարթակից կարծես անհետացել են ընդդիմադիր մյուս ուժերը՝ պատասխանատվությունը թողնելով ՀՅԴ-ականների ուսերին: «Հայաստան» խմբակցության ոչ ՀՅԴ-ական պատգամավորները, հատկապես Ռոբերտ Քոչարյանի մերձավոր թիմի անդամի համարում ունեցողները քար լռություն են պահպանում, անգամ համացանցում գրառումներ չեն անում, առաջվա նման ակտիվ լուսանկարներ չեն տեղադրում:
Հանրահավաքներին առաջվա պես Ֆրանսիայի հրապարակ չի այցելում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ երթերի է մասնակցում: Վաղուց արդեն ցուցարարների հետ երեկոյան զրույցներ չի կազմակերպում Սերժ Սարգսյանը, թեեւ նրա կուսակիցները շարքային ցուցարարի կարգավիճակում մասնակցում են ցույցերին: Իսկ Արթուր Վանեցյանն ու նրա կուսակցության ներկայացուցիները «տեսադաշտից» անհետացան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցից առաջ։ Նրանց չես տեսնի անգամ շարքային ցուցարարի կարգավիճակում, ոչ էլ նրանց ֆեյսբուքյան պերճախոս գրառումների կարելի է հանդիպել: Թեեւ ոչ վաղ անցյալում Արթուր Վանեցյանը խոստանում էր՝ «ծոծրակներդ կտեսնեք, ընդդիմության պառակտում չեք տեսնի»:
Ի դեպ, ընդդիմադիր հարթակի դատարկվելը համընկավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի օրերին: Թե որքանով են այս իրադարձությունները կապված միմյանց հետ, դժվար է ասել: Բայց փաստ է, որ Լավրովի՝ Հայաստանում գտնվելու ժամանակ ընդդիմադիրները մեկ-երկու խաչմերուկ հեռվից էին իրենց ուղերձները հասցնում ռուս պաշտոնյային՝ ջանալով նրա համար ավելորդ խոչընդոտներ չստեղծել, բայց եւ միաժամանակ համոզել, որ եթե իրենք լինեն իշխանության, միանգամայն այլ կլինի:
Իսկ երեկ Իշխան Սաղաթելյանն արդեն ակնարկում էր փողոցային պայքարը դադարեցնելու մասին՝ մի փոքր այլ ձեւակերպմամբ. եղանակային շոգ պայմաններից ելնելով՝ նա գործողությունների նոր մարտավարության ու քայլերի նոր ծրագրի անրաժեշտության մասին էր խոսում: Ճիշտ այնպես, ինչպես անձրեւոտ օրերին ընդդիմադիրները մի քանի օրով դադարեցրել էին քաղաքացիական անհնազանդության ակցիաները:
Այնպես որ, չի բացառվում, որ այսօր հայտարարեն Ֆրանսիայի հրապարակը բացելու մասին: Մանավանդ, երբ մայրաքաղաքի կենտրոնը փակ պահելը վաղուց արդեն քաղաքացիների դժգոհությունն է հարուցում:
Իսկ մինչ այդ ընդդիմության ներսում սկսվել են մեղավորների փնտրտուքը եւ ձախողման պատասխանատվությունը որեւէ մեկի վրա «ջարդելը»:
Այս համատեքստում էր Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը, երբ «Դիմադրություն» շարժման գործողությունների արդյունավետության մասին խոսելիս ասել էր՝ «վաղը չէ մյուս օրը ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանից կլսեք, թե ինչ է ասվելու այդ մասին»։
Մինչեւ հիմա ընդդիմությունը հայտարարել է՝ իրենց պայքարը չունի առաջնորդ, եւ որ իրենք ապակենտրոն, ցանցային պայքար են մղում: Սակայն Իշխան Սաղաթելյանին ընդդիմության առաջնորդ կարգելով՝ Սերժ Սարգսյանն ընդդիմության ձախողումների պատասխանատվությունը փորձում է ՀՅԴ-ի վրա դնել: Մանավանդ, երբ ՀՅԴ-ն վերջին շրջանում փորձում էր ակնհայտորեն տարանջատվել փողոցային պայքարի դուրս եկած ուժերից՝ այդպես ըստ էության ստանձնելով հանրահավաքների ու երթերի առաջնորդի դերը: Մի հանգամանք, որ նկատելի է՝ դուր չէր գալիս ընդդիմադիր ուժերին, հատկապես, երբ շարժումը գնալով մարում էր, եւ անգամ ոստիկանության հետ բախումներն այլեւս որեւէ էֆեկտ չէին տալիս: Պատասխանատվությունը ՀՅԴ-ի վրա դնելու մասին է խոսում նաեւ հարթակից ընդդիմադիր մյուս ուժերի սահուն հեռանալը:
Այնպես որ, հիմա ընդդիմությանն այլ բան չի մնում, քան «նահանջ երգով» ու նաեւ ներքին քննարկումներում պատասխանել հարցին՝ «ուր են միլիոնները»:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: