Մարտի 24-ի ժամը 11-ի սահմաններում Ֆեյսբուքում երկու օգտատեր վայրկյանների տարբերությամբ «ավետեցին», որ թշնամին «մտել է Փառուխ, ուղղությունը՝ դեպի Քարագլուխ»։
Նախօրեին նրանցից մեկը, որ կայք է «աշխատեցնում», Արցախի գազամատակարարման խափանման մասին հայատառ ռուսերենով գրել էր՝ «Էտո եշչյո ցվետոչկի», բայց շատ արագ հեռացրել։ Քարագլխի ուղղությամբ ծավալված մարտերի օրը նա հեռացրեց նաեւ թշնամու՝ Փառուխ ներխուժելու մասին գրառումը։ Մարտի վերջերին Ասկերանում հանրահավաք էր, բայց Փառուխի, Խրամորթի, տեղահանված բնակչության մասին ոչ մի խոսք չհնչեց։ Ելույթ ունեցողներն անհասցե քննադատում էին ինչ-որ ուժերի, համախմբման եւ 88-ի ոգու վերականգնման կոչեր անում։
Գրեթե մեկ շաբաթ Արցախի տեղեկատվական շտաբը հակասական հաղորդագրություններ էր տարածում։ Վերջնական պարզություն մտցրեց նախագահ Արայիկ Հարությունյանը, երբ ասաց, որ Քարագլխի բարձունքի մի հատվածում թշնամին է, իսկ ամենաիշխող բարձունքում՝ ՊԲ մարտիկները եւ կամավորականները։
Ըստ էության՝ այսօր իրավիճակը նույնն է։ Փառուխում թշնամին մշտական հենակետ չունի, այնտեղ ռուս խաղաղապահներն են, բայց ադրբեջանցիները հսկում են Քարագլուխ տանող ճանապարհը։ Փառուխի բնակչությունը գյուղ չի վերադարձել, ճանապարհին խաղաղապահ ուժերի «բլոկ-պոստն» է։ Ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ելույթում Եվրախորհրդի նախագահի միջնորդությամբ Իլհամ Ալիեւի հետ բանակցությունների կարեւորությունը հիմնավորելիս իրեն թույլ չտվեց սկզբունքային շեշտադրում անել, թե Փառուխի օրինակով «Արցախը կտոր-կտոր հայաթափելու» վտանգ կա։
Ստեփանակերտում այսօր Փառուխի մասին քննարկումներ չկան։ Անցյալ ամիս «Ազատություն» ռադիոկայանն էր հարցում արել, ի պատասխան ասել էի, որ գոնե քաղաքական հետաքննության անհրաժեշտություն կա, բայց նույն հաղորդմանը խորհրդարանի պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը հավաստիացրել էր, որ հարցը քննարկվել է Անվտանգության խորհրդի նիստում, հավելյալ արծարծման կարիք չկա։
Ինչ եզրակացության է եկել Արցախի Անվտանգության խորհուրդը՝ հայտնի չէ։ Փաստ է, որ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, հանրային իշխող կարծիքն էլ այն է, որ «Փառուխը հանձնվել է գազի մատակարարումը վերականգնելու դիմաց»։
Կան, իհարկե, նաեւ էկզոտիկ «բացատրություններ», բայց խնդրին անդրադառնալու անհրաժեշտություն չէր լինի, եթե հունիսի 9-ին Փառուխի մասին հարց չուղղվեր Ռուսաստանի արտգործնախարար Լավրովին, նա էլ չասեր, որ հարցը կկարգավորվի հայ-ադրբեջանական սահմանազատման համատեքստում։
Ժամեր անց Ռուսաստանի ԱԳ նախարարության կայքէջում Լավրովի պատասխանը ներկայացվեց խմբագրված, քանի որ Բաքուն առարկել էր հարցի նման դրվածքին։ Այդուհանդերձ, պետք է ընդունել, որ ո՛չ Փառուխի մասին հարցն էր պատահական, ո՛չ Լավրովի պատասխանը, ո՛չ, մանավանդ, արտգործնախարար Արարատ Միրզոյանի պնդումը, թե հայկական կողմը հույս ունի, որ ռուս խաղաղապահ զորախումբը Փառուխից կհեռացնի ադրբեջանցի զինվորականներին։
Լավրովի ասածը բխում է նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության երկու արձանագրումից։ Առաջինը՝ որ «Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանին», իսկ երկրորդը՝ որ «Լեռնային Ղարաբաղում շփման գծի եւ Լաչինի միջանցքի ողջ երկայնքով տեղաբաշխվում է ռուսական խաղաղապահ զորախումբ»։ Այդ փաստաթուղթը ստորագրել է նաեւ Իլհամ Ալիեւը, այն ուժի մեջ է։ Ուստի միանգամայն օրինաչափ է, որ հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացքում ճշտորոշվեն նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածքը, նոր շփման գիծը։ Միայն այդ դեպքում կունենանք երաշխիք, որ տեղում խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ «զորքերի հայելային հետքաշման» եւս մեկ առաջարկություն չի քննարկի, եւ չենք ունենա «նոր Փառուխ»։
Թվում է՝ Լավրովի դիվանագիտական ձեւակերպումը պետք է քաղաքական, փորձագիտական շրջանակներին մղեր թեմայի ծավալման, նոյեմբերի 9/10-ի փաստաթղթի խորքային մեկնաբանությունների, հավելյալ հիմնավորումների հաստատուն շրջանառման։ Դա պաշտոնական ատյանների խնդիրը չէ, նրանք պարտավոր են զգուշավոր լինել, պահպանել զսպվածություն՝ չվնասելու սկիզբ առնող բանակցային գործընթացին, խուսափելու հուզական հռետորաբանությունից։ Բայց ի՞նչ ունենք, ինչպես ասում են՝ «գետնի վրա»։
Լրագրողը Փառուխի մասին Ռուսաստանի արտգործնախարարի դիտարկման վերաբերյալ փորձել է տեսակետ լսել «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից եւ ստացել այս պատասխանը․ «Այդ ամենը բանակցությունների շրջանակում պետք է դիտարկել, եւ ովքեր որ մասնակցում են բանակցություններին, նրանք պետք է դրա մասին մտածեն։ ՀՀ իշխանությունները լուրջ հարաբերություններ չունեն ո՛չ ՌԴ-ի, ո՛չ խաղաղապահ ուժերի, ո՛չ Արցախի ղեկավարության, ո՛չ էլ ՀԱՊԿ շրջանակներում, այլապես նրանք թույլ չէին տա, որ Փառուխը հայաթափվեր»։
Այսինքն՝ Փառուխը միայն իշխանությունների, այն էլ բացառապես Հայաստանի խնդի՞րն է, այդ մասին միայն նրա՞նք պիտի մտածեն։ Ինչ-որ բան, ըստ երեւույթին, այն չէ։ Փառուխի մասին Ռուսաստանի արտգործնախարարի, եթե կարելի է ասել՝ «ներմուծած ինտրիգը» Բաքվում նկատվել, դիտարկվել եւ գնահատվել է անմիջապես, եւ արվել է իրավիճակը «շտկելու» հստակ քայլ՝ ԱԳՆ համապատասխան արձագանքով։ Արցախի ԱԺ քաղաքական ուժերը, կարծես, դա «չեն նկատել»։ Ի՞նչ «առեղծված» է Փառուխը։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։