2021 թվականի հոկտեմբերի 26-ը պատմական օր էր Սաուդյան Արաբիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացման, ընդհանրապես հայ-արաբական հարաբերությունների առաջխաղացման համատեքստում։
Հայաստանի արդեն նախկին նախագահ Արմեն Սարգսյանն այդ օրը պատմական այց կատարեց Սաուդյան Արաբիա։ Ռիադի օդանավակայանում նրան դիմավորեց երկրի արտաքին հարաբերությունների նախարար Ադել Բին Ահմեդ Ալ-Ջուբեյրը։
Սաուդյան Արաբիայի նման կարեւոր, ազդեցիկ երկրի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չեն եղել անկախությունից ի վեր։ Արմեն Սարգսյանն առաջին հայ քաղաքական գործիչն էր, որ պաշտոնական այց կատարեց Սաուդյան Արաբիա։
Այս պատմական այցը եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների թեեւ դանդաղ, բայց կարեւոր առաջընթացն ինձ համար հենք եւ ելակետ է խոսակցություն բացելու Սաուդյան Արաբիայում ընթացող սոցիալական բարեփոխումների, վիզուալ մշակույթի, արվեստային ամենատարբեր հնարավորությունների մասին, որոնց թիվն ավելացել է, իսկ բովանդակությունը՝ հարստացել ոչ միայն այդ երկրի մշակույթի նախարարության մեկնարկած մեծածավալ նախաձեռնությունների, այլեւ առաջին հերթին Սաուդյան Արաբիայի տեսլական 2030-ի շնորհիվ։
Ցանկացած մեծ ծրագիր եւ տեսլական գնահատելու համար կարեւոր է տեսնել, թե ինչպես է այն ազդում եւ անդրադառնում հասարակության ամենալայն շերտերը ներկայացնող մարդկանց կյանքի վրա եւ որքան բովանդակ եւ բազմաբաղադրիչ է։
Սաուդյան Արաբիայի եւ Հայաստանի հարաբերություններից խոսելուց առաջ կարեւոր է հասկանալ Սաուդյան Արաբիայի տեսլական 2030-ը եւ դրա հիմնական բաղադրիչները։ Երկրի կառավարությունը ծրագիրը թողարկել է 2016-ին՝ նպատակ ունենալով այն ավարտին հասցնելու 2023-ին։ Սաուդյան տեսլականին իմ ծանոթությունը վկայում է, որ այն միանշանակ կարեւոր եւ դրական է առաջին հերթին այդ երկրի եւ նրա բնակչության կյանքի ընդհանուր որակի վրա ազդեցության եւ երկարաժամկետ զարգացման տեսանկյունից, բայց չի սահմանափակվում միայն դրանով։
Տեսլականի հավակնություններն, իրոք, շատ մեծ են։ Զարգացման ծրագիրը ներառում է ամեն ինչ՝ Սաուդյան Արաբիայում հանրային ծառայությունների ոլորտի զգալի բարելավումը, միջավայրը, առողջապահական ամենաբարձր չափանիշները, բնակչության երկարակեցության խթանումը, տնտեսության դիվերսիֆիկացումը, նավթից Սաուդյան Արաբիայի կախվածության նվազեցումը, Saudi Aramco-ի ռազմավարական վերափոխման ծրագիրը, մշակույթը, վիզուալ արվեստը, արդարադատության համակարգը, կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատանքը, կանանց թվաքանակի եւ դերի մեծացումը աշխատաշուկայում, էլեկտրոնային կառավարման գլոբալ առաջնորդությունը, թագավորության ավելի ապահով եւ աշխարհիկ կերպարի խթանումը, գծային ու տեխնոլոգիապես առաջատար քաղաքի՝ Նեոմի կառուցումը եւ վերջապես՝ Ասիան, Եվրոպան եւ Աֆրիկան իրար միացնող գլոբալ առեւտրային կենտրոն դառնալու հավակնությունը։
Միանշանակ է, որ Սաուդյան Արաբիայի տեսլական 2030-ի մեկնարկը եւ հաջողությունները մեծապես առնչվում են Նորին արքայական մեծություն, թագաժառանգ Մուհամմադ բին Սալման Ալ Սաուդի անձնական հավակնությունների եւ առաջնորդական կարողությունների հետ։ Բայց Սաուդյան Արաբիայի տեսլականը վերաբերում է ոչ միայն այդ երկրի եւ նրա քաղաքացիների, այլեւ մեր ընդհանուր մոլորակի ապագային։ Սաուդյան տեսլականը եւ գլոբալ առաջնորդությունը կարող են միավորել տարբեր ազգերի ներկայացուցիչներին, խրախուսել եւ նպաստել միջկրոնական երկխոսությանը, սուր անկյունների հարթեցմանը, հանդուրժողականությանը, ավելի ուժեղացնել համագործակցությունը մուսուլմանների, քրիստոնյաների եւ այլ կրոնական համայնքների միջեւ, Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ համագործակցության օրակարգերի ձեւավորման եւ հարաբերությունների զարգացման նոր էջ բացել։
Հայաստանը նոր-նոր է հարաբերություններ հաստատում Սաուդյան Արաբիայի հետ, եւ այս տեսլականը թեեւ ոչ ուղղակի, բայց առնչվում է մեր երկրին։ Մեր երկրները կարող են ունենալ ավելի անվտանգ եւ ապահով ապագա կառուցելու ընդհանուր հետաքրքրություններ։ Տեսլականի իրագործումը հեշտացնելու համար Սաուդյան Արաբիան դյուրացնում է նաեւ տուրիստական վիզա ստանալն ավելի քան հիսուն երկրի համար։
Առաջարկում եմ համացանցում, մասնավորապես յութուբյան ալիքներում փնտրել եւ դիտել Սաուդյան տեսլական 2030-ի մասին մի քանի առանցքային հարցազրույցներ եւ ֆորումներ, որոնք ավելի լավ պատկերացում կտան բարեփոխումների ալիքի մասին (Նորին արքայական մեծություն Մուհամմադ բին Սալմանի երեքմասանոց հարցազրույցը Տեսլական 2030-ի մասին, Մեծ Բրիտանիայում Սաուդյան Արաբիայի դեսպան Խալիդ բին Բանդար Ալ Սաուդի տպավորիչ ելույթը, Մեդիայի նախարար Մաջեդ Ալ-Քասաբի ելույթը, Դավոս 2017 ֆորումը Սաուդյան տեսլականի մասին, Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանի ամբողջական հարցազրույցը Arab News-ի գլխավոր խմբագիր Ֆեյսալ Ջ․ Աբբասին եւ այլն)։
Իհարկե, աշխարհի տարբեր անկյուններում բոլորը չէ, որ հավասար ոգեւորությամբ են ընդունում այս փոփոխությունները, թերահավատների թիվը եւս փոքր չէ, քիչ չեն նրանք, ովքեր կասկածում են, մերժում, դիմադրում փոփոխությունների ալիքին։
Տասնամյակներ շարունակ Սաուդյան Արաբիան փակ գիրք է եղել արտաքին աշխարհի համար, բայց ակնհայտ է՝ նրանք, ովքեր այսօր պաշտպանում են բարեփոխումների ալիքը Սաուդյան Արաբիայում եւ դրանից դուրս, խոսում են փոփոխությունների օգտին եւ դրանց դրական ազդեցության մասին, շատ ավելի համոզիչ են։
Իսկ Տեսլական 2030-ը ոչ միայն ինքնին ազդեցիկ փաթեթ է, այլեւ Սաուդյան Արաբիայի անհայտ եւ հայտնի մեծ պատմությունն աշխարհին պատմելու առաջին հաջող փորձերից։
շարունակելի
Համադրող է եւ արվեստի տեսաբան։ Գրում է կուրատորական հետազոտությունների, թանգարանագիտության, արխիվի եւ արվեստի ինստիտուցիոնալ հարցերի մասին։ Համադրել է մի շարք նախագծեր Հայաստանում եւ Գերմանիայում։