Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ Հայաստանի դեմ ընդունած վճիռները կարող են առիթ լինել Հայաստանի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, ընդհուպ լիազորությունների դադարեցման համար:
Կառավարության առաջարկությամբ ««Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:
Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը նշել է, որ նախագծի նախնական տարբերակով առաջարկվում է միջազգային դատարանի որոշմամբ բացահայտված խախտումները դիտարկել որպես դատավորի պաշտոնի անհամատեղելիության հիմք՝ հնարավորություն ընձեռելով այդ հիմքով դադարեցնել դատավորի լիազորությունները: Նախագիծը ներկայացվել է Վենետիկի հանձնաժողովին, ինչից հետո այն էականորեն լրամշակվել է` սահմանելով այլ կառուցակարգ:
ՄԻԵԴ-ի առաջին դատավճիռներն ընդդեմ ՀՀ-ի սկսվել են 2007-ից
Ըստ փոխնախարարի՝ հստակեցվել է, որ այն դեպքում, երբ արդարադատություն իրականացնելիս դատավորի թույլ տված խախտումը հայտնաբերվել է, օրինակ, ՄԻԵԴ-ի վճռի ուսումնասիրության արդյունքում, այդ հիմքով կարգապահական վարույթ կարող է հարուցվել խախտումը հայտնաբերելուց հետո 1 տարվա ժամկետում: Նախատեսվել է նաեւ, որ այս դեպքում կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե, օրինակ, ՄԻԵԴ-ի վճռի ուժի մեջ մտնելուց հետո անցել է 15 տարի:
Սա նշանակում է, որ եթե նախագիծն այս տարբերակով ընդունվի, ապա ուսումնասիրությունները հետ կգնան մինչեւ 2007-ին ընդունված ՄԻԵԴ-ի վճիռներ: Դա, ըստ Մինասյանի, նշանակում է, որ, ըստ էության, քննության առարկա կդառնան 2002-ից հետո այն դատավճիռները, որոնք հետագայում բողոքարկվել են ՄԻԵԴ-ում, ու վճիռներ են ընդունվել: ՄԻԵԴ-ի առաջին դատավճիռներն ընդդեմ Հայաստանի սկսվել են 2007-ից:
Նշենք, որ 2022-ի հունիսի 14-ի դրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի դեմ ընդունել է 164 վճիռ: