Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայությունից հայտնել են, որ պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում տեղի է ունեցել փոխհրաձգություն. տաջիկական կողմը կիրառել է նռնականետներ եւ ականանետներ:
Բատկենի շրջանի Բուլակ-Բաշի տեղանքում տեղական ժամանակով մոտավորապես 07:00-ին (Երեւանի ժամանակով 05:00-ին) Տաջիկստանի «Կեխ» սահմանային կետի կողմից կրակոց է եղել ղրղզական «Բուլակ-Բաշտ» սահմանային կետի ուղղությամբ: Ղրղզական կողմից նույնպես պատասխան կրակոց է եղել տաջիկական կետի կողմը:
Երկու կողմերի սահմանապահներն անմիջապես զբաղեցրել են մարտական դիրքերը: Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահների ներկայացուցիչները հեռախոսային բանակցություններ են անցկացրել: Միջադեպի վայր են մեկնել կողմերի սահմանապահ ջոկատների պետերը:
07:50-ին տաջիկական կողմը կրկին փոխհրաձգություն է սկսել նռնականետների եւ ականանետների կիրառմամբ, 08:10-ին փոխհրաձգությունը դադարել է: Կողմերի սահմանապահների ներկայացուցիչները հանդիպել են փոխհրաձգության պատճառները պարզելու եւ իրադրության սրացում թույլ չտալու համար:
Իրադրությունը սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում բնութագրվում է որպես լարված։
Երկու պետությունների զինծառայողների միջեւ լուրջ ընդհարումներ էին եղել դեռեւս 2021-ի ապրիլին, երբ բախման ժամանակ սպանվել է 31 բնակիչ, այդ թվում երեխա, վիրավորվել՝ 154 մարդ: Այն ժամանակ երկու երկրների սահմանապահների մասնակցությամբ փոխհրաձգության էր հանգեցրել ջրատարի շուրջ տեղացիների միջեւ ծագած վեճը: