Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը «ՀՀ պետական պարգեւների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ է դրել քննարկման:
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանում կչեղարկվեն ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ինչպես նաեւ ՀՀ վաստակավոր արտիստի եւ ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումները: Հարկ է նշել, որ ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի կոչման արժանացած արվեստագետները ստանում են 40000 դրամ պատվովճար: Պատվովճարը սահմանվում է ցմահ, եթե անձը «ժողովրդական» պատվավոր կոչումից չի հրաժարվել կամ չի զրկվել դատական կարգով։
Առաջարկվում է մշակույթի ու արվեստի բնագավառի համար որպես վաստակի գնահատման չափանիշ պահպանել ՀՀ արվեստի վաստակավոր գործչի եւ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումները, որոնք առավել ընդգրկուն եզրույթներ են եւ ներառում են դաշտն ամբողջապես։
Արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածով ամրագրված «գրական, գեղարվեստական, գիտական եւ տեխնիկական ստեղծագործության ազատության» իրավունքը։
Նախագծի հեղինակների կարծիքով՝ փոփոխությունները կարեւոր երաշխիքներ կստեղծեն մշակույթի եւ արվեստի ոլորտում ստեղծագործողների հավասար պայմաններում ինքնադրսեւորվելու ու ստեղծագործելու, իրենց արվեստը հանրությանը ներկայացնելու համար, դրանով իսկ ապահովվում է սահմանադրական իրավունքը։
Սույն պատվավոր կոչումների չեղարկման դեպքում անհրաժեշտություն կառաջանա վերանայելու հուղարկավորության կառավարական հանձնաժողովի ձեւավորման չափանիշները:
2002-ին սահմանված Ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը շնորհվում էր թատրոնի, կինոյի, կրկեսի արտիստներին, ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, բալետմայստերներին, երաժշտական, խմբերգային, պարային եւ այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, երաժիշտ-կատարողներին՝ «բարձր վարպետության», «աչքի ընկնող բեմական կերպարների», երաժշտական ստեղծագործություններ, ռադիոբեմադրություններ, կինոֆիլմեր ստեղծելու եւ «արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար»։