Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ անհրաժեշտ է փարատել Անկարայի մտահոգությունները Թուրքիայում արգելված PKK-ի վերաբերյալ նախքան ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը։
Ստոլտենբերգը պատմական է անվանել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ դաշինքին միանալու որոշումը։ Ըստ նրա՝ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը կնպաստի ՆԱՏՕ-ի հզորացմանը։
«Այժմ պետք է անդրադառնանք բոլոր դաշնակիցների անվտանգության մտահոգություններին, այդ թվում՝ Թուրքիայի լուրջ մտահոգություններին Քրդական աշխատավորական կուսակցության վերաբերյալ, եւ առաջ գնալու ընդհանուր ուղի գտնենք»,-ասել է Ստոլտենբերգը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաեւ հավելել է, որ Թուրքիան ավելի շատ է տուժել ահաբեկչությունից, քան ՆԱՏՕ-ի որեւէ այլ դաշնակից:
«Անկարան հիմնավոր մտահոգություններ ունի, որոնց բոլոր դաշնակիցները պետք է լրջորեն վերաբերվեն։ Ես եւ իմ գործընկերները շարունակում ենք սերտ երկխոսությունը Թուրքիայի, Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ներկայացուցիչների հետ՝ Թուրքիայի մտահոգությունները փարատելու, ինչպես նաեւ երկու երկրների անդամակցության գործընթացը շարունակելու համար»,- եզրափակել է Ստոլտենբերգը: