Ըստ ամենայնի՝ Իլհամ Ալիեւը Փաշինյանին խնդրել է չօգտագործել «ԼՂ հակամարտություն» եզրույթը՝ հասկացնելով, որ եթե կա այդպիսի հակամարտություն, Ադրբեջանը կարող է գուցե մեկ-երկու օրում լուծել այն, ընդ որում՝ դրանից հետո արդեն անիմաստ կլինի խոսել նույնիսկ խաղաղության պայմանագրի մասին։
Փաշինյանն, ըստ ամենայնի, հաշվի է առել Ալիեւի այդ խնդրանքը, որովհետեւ արաբական «Ալ Ջազիրային» տված հարցազրույցում նա այդպես էլ չի ասում, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության մեջ ներքաշված տարածք է, եւ որ կա այդպիսի հակամարտություն։
Փոխարենն այս տարվա հունիսի 8-ին Եվրախորհրդարանն ընդունել է բանաձեւ, որում մեկ անգամ եւս ամրագրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ: Այսինքն՝ կա այդպիսի հակամարտություն։
Այս հարցը սկսում է նմանվել Հայոց ցեղասպանության խնդրին։ 2018 թվականից հետո Հայոց ցեղասպանությունը դադարեց արտաքին քաղաքականության առաջնահերթություն լինելուց։ Միաժամանակ Հայաստանը որեւէ երկրի չի պարտադրում, որպեսզի չընդունի Հայոց ցեղասպանությունը՝ ընդունողը թող ընդունի, մենք խնդիր չունենք։ Բայց մեզ համար դա արդեն լավություն չէ, ու այդ մտքից բնավ չպետք է ոգեւորվել։
Մինչեւ 2020 թվականը ընդունում էին, բայց դրանից ո՛չ մեր կյանքը լավացավ, ո՛չ Հայաստանը անվտանգության առումով ավելի հուսալի դարձավ, ո՛չ էլ Ցեղասպանության ընդունումը նյութական պտուղներ տվեց հայ ժողովրդին։ Միայն Սփյուռքն իրեն լավ զգաց առանց պարտավորվելու։
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իրոք նմանվում է այս թեմային։ Հայաստանն այլեւս չի պնդում, որ կա այդպիսի հակամարտություն, որպեսզի չխանգարի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Միաժամանակ Հայաստանը որեւէ կերպ չի ասի, թե չկա նման խնդիր, չի դժգոհի, եթե միջազգային կառույցներն ընդունեն։
«ԼՂ հակամարտություն» գոյություն չունի ոչ թե այն պատճառով, որ ձեռքներս լվացել ենք, այլ որ մեզ ոչինչ չի տալու հայտարարելը, թե նման խնդիր կա։ Որովհետեւ պատերազմ է եղել, եւ հիմա հռետորաբանությունը թելադրում են այդ պատերազմի արդյունքները։
Թող Փաշինյանը փորձի ասել, որ կա այդպիսի հակամարտություն։ Հենց սա են Ադրբեջանից նրան հասկացրել։ Իսկ միջազգային կառույցները նրան [Փաշինյանին] հասկացրել են՝ հանգիստ նստի՛ր տեղդ, հակամարտությունն արդեն մեր եւ Ադրբեջանի խնդիրն է։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: