Երեկ խորհրդային շրջանի բռնադատվածների հիշատակի օրն էր: Փոքրաթիվ մարդիկ այցելեցին հարգանքի տուրք մատուցելու ճարտարապետ Ջիմ Թորոսյանի եւ Սարգիս Գուրզադյանի նախագծած շատերին անհայտ, պետության կողմից պատշաճ կերպով չխնամվող հուշահամալիր:
Այս հուշահամալիրը մի տեսակ կուչ է եկել Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձանի կողքին՝ կարծես խորհրդանշական կերպով ցույց տալով, թե անգամ խորհրդային օկուպացիայից ձերբազատվելուց երեսուն տարի անց ինչ արժեքներ են իշխում Հայաստանում:
Վերջերս «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամ» կազմակերպությունը հրապարակել էր սոցիոլոգիական մի հետազոտության արդյունքները, ըստ որոնց՝ հարցվողների 67 տոկոսը բացասական է գնահատում Խորհրդային Միության փլուզումը Հայաստանի համար:
Պատկերացնո՞ւմ եք, մարդկանց հարցնեն՝ ինչպե՞ս եք վերաբերվում Օսմանյան կայսրության փլուզմանը, եւ ինչ-որ մարդիկ դա բացասական գնահատեն: Չեք պատկերացնում: Որովհետեւ այն, ինչ արել է Օսմանյան կայսրությունը հայ ժողովրդի հետ, անգիր գիտի ցանկացած հայ: Դրա մասին տասնյակ էջեր կան պատմության դասագրքում, դրա մասին հրապարակվել են հարյուրավոր գրքեր, նկարահանվել բազմաթիվ ֆիլմեր ու հազարավոր հաղորդումներ: Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգող հուշակոթողներ են կանգնեցվել Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում։ Ամեն տարի ապրիլի 24-ին դպրոցներում երեխաներին կազմակերպում եւ տանում են ծաղիկ դնելու այդ հուշարձանների մոտ:
Իսկ քանի՞սը գիտեն, թե ինչեր է արել 20-րդ դարի ամենահրեշավոր կայսրություններից մեկը՝ Խորհրդային Միությունը, հայ ժողովրդի եւ իր հպատակության տակ գտնվող բոլոր ժողովուրդների ու քաղաքացիների հանդեպ:
Քանի՞սն են կարդացել գրքեր խորհրդային բանտերում ու աքսորավայրերում անմարդկային կտտանքների ու տանջանքների մասին, որոնց զոհ են գնացել միլիոնավոր մարդիկ:
Քանի՞սն են կարդացել իրական պատմություններ այն մասին, թե ինչպես էին խորհրդային կալանավայրերում կիրառում կտտանքների այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք նույնիսկ 19-րդ դարի ցարական Ռուսաստանում էին համարվում անընդունելի:
Պատմություններ այն մասին, թե ինչպես էին բոլորովին անմեղ մարդկանց ստիպում կանգնել կամ ուղիղ նստել աթոռին ոչ թե ժամերով, այլ օրերով՝ թույլ չտալով քնել անգամ մեկ վայրկյան: Եվ հետո ստիպում բոլորովին ուժասպառ մարդկանց խոստովանել եւ ստորագրել ցանկացած մեղադրանքի տակ, որն իրենց հետ ոչ մի կապ չուներ:
Թե ինչպես էին մարդկանց օրերով պահում շատ ուժեղ էլեկտրական լուսավորությամբ խցերում, հետո տանում հարցաքննության՝ նորից աչքերին գցելով էլեկտրական լուսարձակիչները:
Ինչպես կարող էին հարցաքննությունից ժամեր եւ անգամ օրեր առաջ ստիպել պառկել դեմքի վրա միջանցքում։ Ինչպես կարող էին մեկին օրվա ընթացքում հարյուր անգամ տանել ու բերել հարցաքննության սենյակ՝ այդպես էլ որեւէ հարց չտալով:
Ինչպես էին կանանց մերկացնում եւ տղամարդ բանտապահների ծաղրի առարկա դարձնում: Ինչպես էին հարցաքննության ընթացքում մարդկանց ստիպում ծնկի գալ: Այսպիսի բազմաթիվ իրական պատմություններ իրական մարդկանց անուններով պետք է լինեին դպրոցական ու բուհական դասագրքերում, հեռուստատեսային ֆիլմերում ու հաղորդումներում, այս դեպքերի մասին ֆիլմեր պետք է նկարվեին, եւ ամբողջ աշխարհին պատմեին սրա մասին:
Հայաստանում չկա անգամ խորհրդային բռնաճնշումներին նվիրված թանգարան: Թանգարանի համար հրաշալի վայր կլիներ նախկին ԿԳԲ-ի կամ այսօրվա ԱԱԾ-ի շենքն՝ իր նկուղային հարկերով ու խցերով:
Պատկերացրեք ցուցասրահի վերածված նկուղային խցեր, որտեղ կարող եք տեսնել, թե ամեն խցում որ նշանավոր անձը, մտավորականը կամ քաղաքական բանտարկյալն է պահվել, ինչ պայմաններում, ինչ մեղադրանք է առաջադրվել նրանց, եւ ինչ ճակատագրի են արժանացել: Մինչդեռ այդ նկուղները այսօր էլ շարունակում են մնալ քրեակատարողական հիմնարկ, այսօր էլ այնտեղ մարդիկ են պահվում: 21-րդ դարում Հայաստանում կալանավորներին պահում են նկուղներում:
Իսկ ո՞վ գիտի Չարենցի հալածանքների, սպանության եւ անհետացման պատմությունը: Չարենցը հայ ժողովրդի հռչակավոր գրողներից մեկն է, եթե ոչ ամենահռչակավորը: Քանի վավերագրական ֆիլմ է նկարվել մինչեւ օրս՝ պարզելու համար նրա մահվան հանգամանքները խորհրդային բանտում: Քանի գեղարվեստական ֆիլմ է նկարվել՝ պատմելու նրա տանջանքների ու խորհրդային իշխանության կազմակերպած հալածանքների մասին:
Քանիսն են տեղյակ Գուրգեն Մահարու անհիմն ձերբակալության ու կրկնակի աքսորի մասին: Նրա «Ծաղկած փշալարերը» պետք է ամենահայտնի գործերից մեկը լիներ խորհրդային իրականության մասին, եւ գուցե դրանից հետո սոցիոլոգիական հարցումների այսպիսի պատկեր երբեք չտեսնեինք:
Հոդվածն ուզում եմ ավարտել երազանքով, որը, հուսով եմ, մի օր իրականություն կդառնա ազատ եւ վերափոխված Հայաստանում: Ուզում եմ մի օր տեսնել Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձանը անվանափոխված եւ մեկ ամբողջություն խորհրդային բռնաճնշումների հուշակոթողի հետ, տարածքը խնամված եւ վերակառուցված, հազարավոր ծաղիկներ ամեն տարի այս օրը եւ հուշահամալիրի պատերին փորագրված զոհերի անուններ:
Այո՛, անուններ։ Այո՛, զոհերին պետք է հիշել անուն առ անուն։ Ցեղասպանության զոհերի հուշարձաններին մենք սովորաբար փորագրում ենք կորսված տարածքների անունները, մինչդեռ ժամանակն է մարդկայնացնելու թե՛ պատմությունը, թե՛ դրա նկատմամբ մեր վերաբերմունքը։
Կրթությամբ տնտեսագետ, հետաքրքրվում եմ քաղաքագիտությամբ, փիլիսոփայությամբ եւ պատմությամբ: Հիմնադրել եմ քաղաքացիական նախաձեռնություններ եւ հասարակական կազմակերպություններ, որոնց հիմքում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հավատամքն է: